01/10/2026

EU – Armenia

Թրամփի դեմ «տրոլինգը». ինչո՞ւ Մակրոնն ու Քարնին դարձան «դիմադրության առաջնորդներ»

Ֆրանսիայի և Կանադայի առաջնորդները պարտքի տակ չեն մնում և համարժեք պատասխան են տալիս։ Բայց արդյոք լա՞վ միտք է ուղղակի առճակատման մեջ մտնել ԱՄՆ նախագահի հետ։

Այս տարվա սկզբին Դավոսում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հորդորական խորհուրդ տվեց արևմտյան դաշնակիցներին, որոնք հոգնել էին նախագահ Դոնալդ Թրամփի և նրա խորհրդականների կողմից արհամարհվելուց ու ծաղրի ենթարկվելուց. «Հանգիստ նստեք, խորը շունչ քաշեք, մի՛ պատասխանեք նույն կերպ, — հորդորեց նա։ — Թող իրավիճակն իր հունով ընթանա»։

Նրա խոսքերը հիմնականում վերաբերում էին մաքսատուրքերին, սակայն շվեյցարական այդ հավաքի ընթացքում Բեսենթը և Թրամփի այլ օգնականներ նույն խորհուրդը կրկնեցին ԱՄՆ նախագահին առնչվող գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ։ Եվ, ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի դաշնակից երկրների ղեկավարները հետևեցին այդ նախազգուշացմանը՝ թեև դժվարությամբ էին զսպում իրենց վրդովմունքը Գրենլանդիան գրավելու վերաբերյալ Թրամփի սպառնալիքների կապակցությամբ։

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի համար, ով նույնպես Դավոսում էր և հայտնի է Թրամփի հասցեին կոշտ քննադատությամբ, սա արդեն չափից ավելին էր։ Նրա խոսքով՝ ներկա գտնվող համաշխարհային առաջնորդները «ողբալի» տեսք ունեին։ «Ես չեմ կարող հանդուրժել մարդկանց այս հլու-հնազանդ վարքագիծն ու համակերպումը։ Լավ կլիներ՝ ծնկակալներ բերեի աշխարհի բոլոր առաջնորդների համար»։

Այդ ժամանակվանից ի վեր, սակայն, իրավիճակը փոխվել է, հատկապես Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարագայում, ովքեր վերջին շաբաթներին ակտիվորեն հակադարձում են իրենց ուղղված քննադատություններին։ Առևտրային լարվածության աճի և Ռուսաստանի հարցում Սպիտակ տան հետ ունեցած տարաձայնությունների ֆոնին նրանք չեն խուսափել սրել իրավիճակը, երբ ենթարկվել են հարձակման, իսկ երբեմն նույնիսկ ծաղրել են Թրամփին՝ առանց որևէ անմիջական դրդապատճառի։

Քարնին և Մակրոնը դարձել են «դիմադրության առաջնորդներ», — ասում է կանադացի տնտեսագետ և ՄաքԳիլի համալսարանի պրոֆեսոր Ռոհինթոն Մեդհորան, ով Քարնիի ձևավորվող քաղաքական տեսլականը բնորոշել է որպես «արժեքների վրա հիմնված ռեալիզմ»։ Մեդհորան, ով անդամակցում է տարբեր միջազգային և կանադական հանձնաժողովների, նշել է. «Նրանք փորձել են շողոքորթել, փորձել են անտեսել նրան։ Ոչինչ չի օգնել, և այժմ նրանք չեն տուժում՝ պատասխան քայլերով ծաղրելով նրան»։

Թեև Քարնին հորդորել էր Թրամփի վարչակազմին «դադարեցնել մեմեր տարածելը, ակնարկներով կծու խոսքեր ասելը և կոշտ երևալու փորձերը», դա նրան չի խանգարել ինքնին հրապարակավ ծաղրել Թրամփին։

Կանադայի վարչապետի համարձակ և սուր արձագանքների թվում էր Թրամփին ծաղրելը՝ կապված անցյալ տարի ՄԱԿ-ում ելույթի ժամանակ հեռուստաուղղորդիչ սարքի (teleprompter) խափանման պատճառով նրա կողմից «դիվերսիայի» մասին հայտարարության հետ։ Տորոնտոյում նմանատիպ տեխնիկական խնդրի բախվելիս՝ Քարնին լուրջ դեմքով ասել է. «Այժմ ցանկանում եմ տեղեկացնել, որ հեռուստաուղղորդիչ սարքը դադարել է աշխատել։ Ի տարբերություն համաշխարհային որոշ առաջնորդների՝ ես սա դավադրություն չեմ համարում»։

Իսկ Օտտավայում Քարնին արժանացել է և՛ ծափահարությունների, և՛ ծիծաղի՝ նմանակելով Թրամփին բնորոշ՝ ձեռքերի «ակորդեոնաձև» շարժումները։

Ուրեմն, ի՞նչ է կատարվում։ Եվ արդյո՞ք ռիսկեր կան «արջին գրգռելու» հարցում

Ըստ Սպիտակ տան նախկին ռազմավարագետ, ներկայումս MAGA-ի ազդեցիկ գործիչ և փոդքաստեր Սթիվ Բենոնի՝ նման վտանգ կա։ «Նրանք կրակի հետ են խաղում», – ասել է նա։

«Առևտրի հարցում նրանք լիովին կախված են մեզանից»։ Նա նաև մտահոգիչ նախազգուշացում է հնչեցրել «Ալբերտայի անջատողական շարժման թափ առնելու» վերաբերյալ. Բենոնը և MAGA-ի այլ ականավոր գործիչներ քաջալերում են նավթով հարուստ կանադական այդ նահանգին՝ առանձնանալու հարցում։

Բենոնը նաև օրինակ է բերել Դանիայի և Գրենլանդիայի հետ Թրամփի վերջերս կնքած գործարքը՝ որպես ԱՄՆ-ի հզորության և Վաշինգտոնի՝ ցանկալի արդյունքին հասնելու կարողության վկայություն։ «Գրենլանդիայի վերաբերյալ մեր գործարքը ցույց է տալիս այն իրողությունը, որ Կանադան ի վիճակի չէ պաշտպանվելու և խուսափելու հաջորդ Ուկրաինան դառնալուց՝ այս անգամ Արկտիկայում», – ասել է նա։

Սակայն ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան Իվո Դալդերը Գրենլանդիայի գործարքից այլ հետևություն է անում. այդ գործարքը երկարաձգում է 1951 թվականի նախկին պայմանագիրը և Թրամփին չի տալիս կղզու նկատմամբ վերահսկողություն, ինչին նա, ըստ իր խոսքերի, ձգտում էր։ Դալդերի կարծիքով՝ այս գործարքը ցույց է տալիս, որ երբ դաշնակիցները պնդում են իրենցը, ԱՄՆ նախագահը նահանջում է։ «Այդ գործարքով Թրամփը բառացիորեն ոչինչ չստացավ», – ասել է նա։

«Կարծում եմ՝ դաշնակիցները սկսում են հասկանալ, թե ինչպես վարվել նրա հետ», – ասել է Դալդերը։ «Այժմ նրանք անտեսում են նրա աղմկոտ սպառնալիքներն ու կեցվածքը և անում ու ասում են այն, ինչ կարևոր են համարում սեփական շահերի տեսանկյունից։ Այդ կերպ նրանք ցանկալի արդյունքին հասնելու լավ հնարավորություն են ստանում»։

Զարմանալի չէ նաև, որ Մակրոնն ավելի արագ անցավ Թրամփին ծաղրելուն կամ նրա հետ բացահայտ մրցակցությանը, քան արևմտյան այլ առաջնորդներ, նշել է Դալդերը։ «Ի վերջո, նա ֆրանսիացի է»։ Դեռևս Թրամփի նախագահության առաջին շրջանում Մակրոնը պատրաստակամ էր ուղղակիորեն մրցել ԱՄՆ նախագահի հետ՝ ձեռքսեղմման ժամանակ այնքան ուժեղ սեղմելով գործընկերոջ ձեռքը, որ մատների հոդերը սպիտակում էին, և հրաժարվելով բաց թողնել այն նույնիսկ այն ժամանակ, երբ Թրամփը փորձում էր ազատվել։

Սակայն այժմ Ֆրանսիայի նախագահի տոնն ավելի կոշտ է թվում, իսկ գործողությունները՝ առավել ընդգծված։ Որպես օրինակ՝ Դալդերը մատնանշում է այն, թե ինչպես Մակրոնը հունիսին կարողացավ Թրամփին դրդել Իրանի հետ միջանկյալ համաձայնագիր կնքել Վերսալում՝ մի պալատում, որը հայտնի է դարձել այն պայմանագրով, որը վերջ դրեց մեկ համաշխարհային պատերազմի, բայց հանգեցրեց մյուսին։ Մակրոնը, ինչպես բարձրաձայնում էին Թրամփի քննադատները, իրականացրել էր դիվանագիտական ​​«տրոլինգի»՝ ծաղրական մարտահրավերի փայլուն օրինակ։

Ո՞ր լսարանին են փորձում դիմել և ազդել այդ երկու առաջնորդները։ «Լավ հարց է», – ասել է Մեդհորան։ «Ակնհայտ է, որ խոսքը ամերիկացիների մասին չէ»։ Եվ, անշուշտ, առկա է նաև ներքաղաքական բաղադրիչ, քանի որ երկուսն էլ քաղաքական միավորներ են վաստակում՝ դիմակայելով մի մարդու, որին ներկայացնում են որպես բռնարարի։

Սակայն Մեդհորան կարծում է, որ նրանց պահվածքն, ամենայն հավանականությամբ, ունի նաև ավելի լայն՝ ռազմավարական նշանակություն։ «Այս քայլերը հրապարակավ կատարելով՝ նրանք քաջալերում են այլ առաջնորդներին հաղթահարել տատանումները և միանալ իրենց», – ասել է նա։ «Եվ եթե ուրիշներն էլ միանան, ապա հակաթրամփյան ճամբարն ավելի կամրապնդվի»։

Բայց դա կաշխատի միայն այն դեպքում, եթե նրանք կարողանան գործել՝ հաշվի առնելով լ Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններում Թրամփին, ամենայն հավանականությամբ, անհաջողություն է սպասվում, Քարնիի և Մակրոնի համար ավելի նպատակահարմար կլիներ հետևել Բեսենթի խորհրդին և թույլ տալ, որ իրավիճակն իր հունով ընթանա, քանի որ քվեարկության արդյունքում ԱՄՆ ղեկավարը կարող է բախվել նոր սահմանափակումների՝ կողմից ոգևորված դեմոկրատների կողմից։ Սակայն առայժմ թվում է, թե նրանք չափազանց տարված են «արջին գրգռելու» գործընթացով՝ նման քայլի դիմելու համար։