27/10/2026

EU – Armenia

Երկու կուսակցություն Տավուշում փոքր հաջողություն գրանցեցին․ Լուսանկար

Հոկտեմբերի 25-ին 21 համայնքում կայացան ՏԻՄ ընտրություններ։ Դրանք անցկացվում են քաղաքական ուժերի մասնակցությամբ, սակայն ընտրողներին հետաքրքրում են ոչ թե կուսակցությունների գաղափարախոսությունը, ծրագրերը, վարած քաղաքականությունը, այլ իրենց համայնքի, քաղաքի, գյուղի խնդիրների լուծումը։

Հրապարակ թերթը գրել է․ Ընտրություներում «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը պայմանավորված էր այն բանով, որ ընդդիմությունը պասիվ մասնակցեց, ընդդիմության տարբեր թեւեր չհամագործակցեցին իրար հետ։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի պասիվությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ ընդդիմադիրների նկատմամբ իշխանության կողմից մեծ ճնշումներ եղան։ Ընտրողների մեծ մասը, հույսը չկապելով քաղաքական կուսակցությունների ու թեկնածուների հետ, չմասնակցեց ՏԻՄ ընտրություններին։

Հոկտեմբերի 25-ին Տավուշի մարզի 4 համայնքներից 2-ում՝ Իջեւանում եւ Դիլիջանում, տեղի ունեցան ավագանու ընտրություններ։ Իջեւանում ընտրություններին մասնակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» եւ Դավիթ Սանասարյանի ղեկավարած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները, Դիլիջանում՝ 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ապրելու երկիրը» եւ «Հանրապետությունը»։ Իջեւան համայնքում հիմնական եւ լրացուցիչ ցուցակներով ընտրողների թիվը 29 հազար 772 է, քվեարկությանը մասնակցել է 12 հազար 169-ը։ Դիլիջանում ընտրողների թիվը 16 հազար 241 է, քվեարկությանը մասնակցել է 6 հազար 384 ընտրող։ Նախնական արդյունքներով՝ Իջեւանում ՔՊ-ն ստացել է 10 հազար 403 ձայն․ քվեարկության մասնակիցների 86,12 տոկոսը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ 1673 ձայն՝ 13,85 տոկոս։ Նախնական տվյալներով՝ Դիլիջանում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 4 հազար 822 ձայն՝ 76,27 տոկոս, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1027 ձայն՝ 16,24 տոկոս, «Հանրապետությունը»՝ 471 ձայն՝ 7,45 տոկոս։

Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Յուրա Բազինյանը մեզ հայտնեց, որ Իջեւան եւ Դիլիջան համայնքներում ընտրությունների վերաբերյալ բողոքներ չկան։ Բողոքներ չկան, սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ հարթ է ընթացել։ Համացանցում տեղեկություններ կան, որ Դիլիջանում պարեկների ծառայողական ավտոմեքենաներով ընտրողներին տեղափոխել են ընտրական տեղամաս։ Դիլիջանից հայտնում են, որ նկատել են՝ իշխանության կողմնակիցներն են ընտրողներին ավտոմեքենաներով ընտրատեղամասեր տեղափոխում։ Ընտրությունների արդյունքների առումով փոքր անակնկալ էր Իջեւանում «Ինքնիշխան Հայաստանի» հաջողությունը։ Ակտիվ քարոզչության շնորհիվ տեղացիներին անհայտ այս կուսակցությունը կարողացավ 1673 քվե ստանալ։ «Ինքնիշխան Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Լեւոն Վարդապետյանը Ֆեյսբուքում շնորհակալություն է հայտնել իրենց ընտրողներին․ «Ձեր քվեի շնորհիվ կունենանք 4 մանդատ։ Ցանկանում եմ մեկ առ մեկ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր վստահեցին եւ իրենց ձայնը տվեցին մեր թիմին։ Առաջիկա 5 տարիների ընթացքում մենք մեր գործունեությամբ անպայման կապացուցենք, որ ձեր քվեն տեղին էր, եւ կաշխատենք այդ վստահությունը բազմապատկել»։

Հավելենք նաեւ, որ Դիլիջանում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուների գործը բարդ էր։ Նախորդ՝ 2021-ի ընտրությունների համեմատ իրավիճակ է փոխվել։ Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելը եւ իշխանության կողմից տարատեսակ ճնշումները պատճառ են դարձել, որ 2021 թվականին «Ապրելու երկրի» ավագանու թեկնածուների 25 հոգանոց ցուցակից 2026-ին մնացել են 2-ը՝ կուսակցության ընտրացուցակի 1-ին եւ 2-րդ համարներ Վարդան Ավագյանը եւ Սարգիս Սահակյանը։ Վ․ Ավագյանը ծնունդով երեւանցի է, թեեւ 14 տարի ապրում, աշխատում է Դիլիջանում։ Սարգիս Սահակյանն արմատներով Իջեւանի Դիտավան գյուղից է։ Նրանք Դիլիջանում մեծ թվով բարեկամներ չունեն, չէին կարող նրանց քվեներին ապավինել։ Գրագետ, ակտիվ քարոզչության շնորհիվ կուսակցությունը, այնուամենայնիվ, որոշ հաջողության հասավ։ Վարդան Ավագյանը համացանցում դիմել է իրենց ընտրողներին․ «Անսահման շնորհակալ եմ եւ հպարտ մեր թիմի քիչ թվով, բայց համարձակ դիլիջանցիներով։ Այսուհետ մեր թիմը բաղկացած է 1,027 նվիրված անհատներից, ինչը մեծ պատիվ է եւ պարտավորեցնող վստահություն։ Թեեւ ունենք փոքր թվով մանդատներ, բայց ունենք անսպառ նվիրվածություն ու հոգատարություն։ Անելու ենք ամեն ինչ, որպեսզի քարոզարշավի ընթացքում բարձրաձայնված եւ դեռեւս չբարձրացված բոլոր խնդիրները լուծվեն՝ հանուն մեր բնակչի։ Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք։ Ի գո՛րծ»։

«Հրապարակ». Երկու կուսակցություն Տավուշում փոքր հաջողություն գրանցեցին