28/10/2026

EU – Armenia

Ստացվում է՝ ոչ մեկդ ոչ մի բանի հետ կապ չունի

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Կարեն Առուստամյանից հետաքրքրվել է՝ ինչ արդյունք են տվել կառույցի բացահայտումները, և արդյոք պետությանը պատճառված վնասները վերականգնվել են։

Մանուկյանը նշել է, որ Հաշվեքննիչ պալատի մի շարք աշխատակիցներ նախկինում աշխատել են Վերահսկիչ պալատում, որը ժամանակին քննադատության էր ենթարկվում նաև Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պատգամավորը հարցրել է՝ եթե նախկին ստուգումներով ֆինանսական խախտումներ են հայտնաբերվել, ապա ինչու պարզ չէ, թե ինչ պատասխանատվության են ենթարկվել մեղավորները և որքան գումար է վերադարձվել պետական բյուջե։

Մասնավորապես, նա անդրադարձել է 21 միլիարդ դրամի չափով արձանագրված խեղաթյուրմանը, Աշտարակի համայնքապետարանում հայտնաբերված 1.1 միլիարդ դրամի խեղաթյուրմանը, ինչպես նաև 2023 և 2024 թվականների հաշվետվություններում նշված՝ համապատասխանաբար 222 միլիոն և 548 միլիոն դրամի վնասներին։

Մանուկյանը նաև հարց է բարձրացրել Հաշվեքննիչ պալատի պահպանման ծախսերի վերաբերյալ՝ նշելով, որ կառույցի գործունեության համար տարեկան հատկացվում են հարյուր միլիոնավոր և ավելի քան մեկ միլիարդ դրամի հասնող միջոցներ։ Նրա խոսքով՝ հարկատուները պետք է հասկանան, թե ինչ արդյունք են ստանում այդ գումարների դիմաց, և արդյոք բացահայտված վնասները վերադարձվում են պետությանը։

Կարեն Առուստամյանը պատասխանել է, որ ֆինանսական խեղաթյուրումն ինքնին դեռ չի նշանակում չարաշահում։ Նրա խոսքով՝ Հաշվեքննիչ պալատի արդյունավետությունը պետք է գնահատել նաև նրանով, թե կառույցի առաջարկությունների շնորհիվ որքանով են բարելավվում պետական համակարգի աշխատանքն ու վերահսկողությունը, այլ ոչ միայն բյուջե վերադարձված գումարներով. «Ստացվում է ոչ մեկդ ոչ մի բանի հետ կապ չունի, բայց ամենաշատը Վերահսկիչ պալատին և նրա նախագահին քննադատել է Նիկոլ Փաշինյանը»: