Ազգային ժողովրդավարական բեւեռի անդամ Արմինե Սախոյանը, մեզ հետ զրույցում խոսելով երկրում ծառացած խնդիրների, մասնավորապես Ալիեւի պահանջով սահմանադրությունը փոխելու Փաշինյանի ջանքերի եւ այս ամենի ֆոնին ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիայի մասին, ասում է.
Հրապարակ թերթը գրել է․ «Այն, որ սահմանադրությունն Ալիեւի թելադրանքով չպետք է փոխվի, դա անառարկելի է եւ նույնիսկ չպետք է քննարկման առարկա լինի: Խաղաղությունը որեւէ կապ չունի ՀՀ գործող սահմանադրության հետ: Եթե Ադրբեջանը միտք ունենար խաղաղություն հաստատել ՀՀ-ի հետ, ապա արդեն իսկ «Արեւմտյան Ադրբեջան» կոնցեպտը պետք է հանած լիներ պետական մակարդակով խոսույթից: «Արեւմտյան Ադրբեջան» համակարգված ինստիտուցիան կատարվում է ուղիղ Ալիեւի հովանավորչությամբ, իսկ դա նշանակում է, որ Իլհամ Ալիեւի ախորժակի դեմը չի կարողանում Փաշինյանն առնել: Նրա նպատակն է՝ ոտքով գալ, հասնել Երեւան, իր ասած` Էրիվան: Հետեւապես, ի՞նչ խաղաղության օրակարգի մասին կարող է խոսք լինել: Սահմանադրությունը փոխել նման մարդու կամքով՝ նշանակում է հայոց նորագույն պատմությունը, եւ ոչ միայն, առհասարակ՝ վերջին 100 տարվա պատմությունը ոչնչացնել: Սա փորձ է՝ հայ նորագույն պատմության ծննդյան վկայականը պատռելու եւ մի կողմ շպրտելու: Եթե մի պետություն հրաժարվում է իր պատմությունից, չի կարող որեւէ տեսակ հարգանքի արժանանալ աշխարհում: Պատմական անցյալն ուրացողը չի կարող խաղաղություն հաստատել: Նիկոլ Փաշինյանը փորձում է ոչնչացնել հայոց պետականությունը, որպեսզի Հայաստանը կորցնի նաեւ իր սուբյեկտայնությունը: Սահմանադրությունը, իհարկե, որոշակի առումներով ենթակա է փոփոխության, սակայն դա չպետք է լինի Հայաստանի թիվ մեկ թշնամու ցուցումով: Նրա նպատակն այն է, որ Անկախության հռչակագրի հղումը հանվի սահմանադրությունից, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է մոռանանք պահանջատիրության մասին եւ մի կողմ թողնենք մեր միջազգային իրավունքն Արցախի նկատմամբ, Նախիջեւանի նկատմամբ, եւ այսպես շարունակ: Ստացվում է, որ Հայաստանի վարչապետը հրաժարվում է մեր միջազգային իրավունքից` ինքնակամ: Անհնար է, որ այս ամենը հայ ժողովուրդը հանդուրժի, դա լինելու բան չէ: Մեր հասարակությունն ունի բավարար քաղաքական գիտակցություն, եւ եթե բավարար չափով ու ճիշտ պրոպագանդա իրականացվի, ժողովուրդը թույլ չի տա իշխանությանը թշնամու օգտին գործել: Չի կարելի այս փուլում առնվազն նեղ շահերի տրամաբանությունից գործել` նեղ կուսակցական: Այստեղ անձերի հարց դրված չէ, դրված է մեր պետության, պետականության պահպանման հարցը: Նիկոլ Փաշինյանը հավերժ չէ, եւ հավերժ չէ որեւէ կուսակցության անդամ, որեւէ վարչապետ»:
Խոսելով ընդդիմության գործողություների մասին՝ Սախոյանը նկատեց. «Մեր կուսակցությունը (ԱԺԲ) հայտարարություն է տարածել եւ նշել է 3 կետ: Ես ուզում եմ առանձնահատուկ կարեւորություն տալ երրորդ կետին, որը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացմանը, ժամանակավոր կառավարության ստեղծմանը: Ցավոք, ես այդ մասին որեւէ խոսք չտեսա ընդդիմադիր կուսակցությունների հայտարարության մեջ: Եթե Նիկոլ Փաշինյանն աղետաբեր է, եթե նա թշնամու օգտին աշխատող կոլաբորանտ է, ապա ինչո՞ւ նրա հեռացումը դրված չէ որպես պահանջ: Ի՞նչն է փոփոխվելու այդ պարագայում: Ես ընդդիմադիր այդ ուժերին ուզում եմ հիմա մի հարց տալ. Արցախը Հայաստա՞ն է, թե՞ ոչ: Արամ Վարդեւանյանը Հ1-ի եթերում խուսափեց վերջերս այդ հարցին պատասխանելուց: Հիմա ես հարց եմ տալիս նրանց` Արցախը Հայաստա՞ն է, թե՞ ոչ: Եթե իրենք էլ են ընդունում, որ ՀՀ տարածքը 29 հազար 743 քմ է, ապա ի՞նչ տարբերություն իրենց եւ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումների միջեւ: Չհաշված, որ նախորդ շաբաթ ԱԺ-ում քննարկվում էր ԹՐԻՓՓ նախագիծը, եւ դա ընդունվեց: Ի՞նչ է դա նշանակում․ դա նշանակում է, որ Ադրբեջանին անխափան ճանապարհ են նվիրում, դա միջանցք է: Վաղը եթե ընդդիմադիրներն իշխանություն վերցնեն, ի՞նչ են անելու, ասելու են` դե, Նիկոլ Փաշինյանը տվե՞լ է, այսինքն՝ իրենք էլ են մեղքը բարդելու նախկինի վրա, ինչպես Փաշինյանն է հիմա անում: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ասում եմ, որ այդ ամենին դեմ եմ: Պետք է Փաշինյանին հեռացնելու մասին մտածեն, չէ՞ որ հունիսի 7-ին այդ խոստումներով էին քվեներ խնդրում ընտրողներից»:


Բաց մի թողեք
Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ
Ինչպես միշտ` ուշացած
Փաշինյանն Ալիեւի դուբինկան է` բութ գործիք նրա ձեռքում