06/11/2026

EU – Armenia

Լիտվայում Գերմանիայի հրամանատարությամբ մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Նոյեմբերի 6-ից դեկտեմբերի 3-ը Լիտվայում՝ Բելառուսի հետ սահմանի մոտ, տեղի կունենան երկու ռազմական զորավարժություններ՝ «Freedom Shield 26-II»-ը և «Grand Eagle 26»-ը․ հայտնել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Դրանց կմասնակցի ավելի քան 6000 զինծառայող։ Զորավարժություններն անցկացվում են Գերմանիայի 10-րդ տանկային դիվիզիայի ղեկավարությամբ, որը կվերահսկի իրեն ենթակա բրիգադները՝ սկսած դրանց ձևավորման և առաջադրանքների կատարման համար նախապատրաստման փուլից մինչև բոլոր ստորաբաժանումների՝ իրենց մշտական ​​տեղակայման վայրեր վերադառնալը։

Երկու զորավարժությունների նպատակներն են ամրապնդել ստորաբաժանումների մարտական ​​պատրաստականությունը, կատարելագործել հրամանատարական ու կառավարման ընթացակարգերն ու օպերատիվ պլանավորումը, ինչպես նաև բարելավել ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ մասնավորապես Լիտվայի և Լեհաստանի միջև փոխգործունակությունը։

Զորավարժություններին նախատեսված է ավելի քան 6000 զինծառայողի մասնակցություն, այդ թվում՝ Գերմանիայի 10-րդ տանկային դիվիզիայի կազմում ընդգրկված 45-րդ զրահատանկային («Lietuva») և 37-րդ մեքենայացված հետևակային («Saksonija») բրիգադների անձնակազմինը։ Մասնակիցների թվում են նաև Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի բազմազգ բրիգադի (որում ընդգրկված են Գերմանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Չեխիայի, Խորվաթիայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի զինծառայողները) ստորաբաժանումները, ինչպես նաև Լիտվայի զինված ուժերի ստորաբաժանումները։

Զորավարժությունները կանցկացվեն Լիտվայի զինված ուժերի՝ Պաբրադեում և Ռուդնինկայում ուսումնավարժական կենտրոններում, որոնք տեղակայված են Բելառուսի հետ սահմանի մոտ։

Նոյեմբերի 6-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում զորավարժությունների շրջանակում նախատեսվում է ռազմական տեխնիկայի ինտենսիվ տեղաշարժ ընդհանուր օգտագործման ճանապարհներով՝ Լիտվայի արևմտյան հատվածից դեպի արևելյան շրջաններ։