22/11/2026

EU – Armenia

Թարիվերդիևի երգեհոնային աշխարհը՝ ճապոնական երաժշտական զգացողությամբ ու Բախի խորալները․ Լուսանկարներ

Երևանի Կամերային երաժշտության ազգային կենտրոնում շարունակվում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային միջազգային IV փառատոնը։ Երեկոյի երաժշտական հանդիպումը յուրահատուկ խորհրդանշական երանգ ուներ․ այն նվիրված էր հայազգի խորհրդային կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի ծննդյան 95-ամյակին, իսկ բեմում էր երգեհոնահարների նոր սերնդի ներկայացուցիչ, ծագումով ճապոնացի, Ռուսաստանում բնակվող Հիրոկո Ինոուէն։

Համերգը կառուցված էր տարբեր երաժշտական աշխարհների հետաքրքիր երկխոսության սկզբունքով։ Ճապոնական երաժշտական մտածողության նուրբ երանգները, Բախի խորալային ժառանգության հոգևոր խորությունն ու Թարիվերդիևի ինքնատիպ, երբեմն կինեմատոգրաֆիկ, երբեմն փիլիսոփայական երաժշտական լեզուն միավորվեցին երգեհոնի բազմաշերտ հնչողության ներքո։

May be an image of musical instrument and text

Հիրոկո Ինոուէի կատարողական ծրագրի ճապոնական էջը ներկայացնում էին Միտիո Միլագիի «Ծովը գարնանը» և Յուի Կակինումայի «Լոտուս» ստեղծագործությունները։ Դրանցում ազգային երաժշտական զգացողությունը յուրովի երկխոսում էր եվրոպական երգեհոնային ավանդույթի հետ՝ ստեղծելով համերգի ընդհանուր հնչերանգային բազմազանությունը։

Երեկոյի առանցքում, անշուշտ, Միքայել Թարիվերդիևի ստեղծագործություններն էին։ Նրա «Մայր Տաճար» երգեհոնային իմպրովիզացիան՝ «Հնաոճ կատակերգություն» ֆիլմից, ինչպես նաև «Ընդօրինակելով հին վարպետներին» շարքից չորս խորալային պրելյուդները հնարավորություն տվեցին բացահայտելու կոմպոզիտորի՝ հոգևոր երաժշտության հանդեպ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքը։ Թարիվերդիևի երաժշտության մեջ հին վարպետների ավանդույթը ոչ թե պարզապես վերարտադրվում է, այլ վերաիմաստավորվում՝ ձեռք բերելով սեփական, ճանաչելի արտահայտչականություն։

Ծրագրի կարևոր հանգրվաններից էր Յոհան Սեբաստիան Բախի երեք Շյուբերյան խորալային պրելյուդների կատարումը՝ «Արթնացեք, ձայնը մեզ է կանչում» (BWV 645), «Ուր պիտի փախչեն» (BWV 646) և «Օ՜, Հիսուս, երկնքից երկիր իջնելու ես» (BWV 650)։ Բախի երաժշտությունը երգեհոնի համար ոչ միայն բարձրագույն կատարողական դպրոց է, այլև հոգևոր խորության յուրահատուկ չափանիշ, որի ներկայությունը նման ծրագրում միանգամայն բնական և անհրաժեշտ էր։

May be an image of one or more people, piano and text

Առանձին ուշադրության արժանի էր Թարիվերդիևի «Կասանդրա» երգեհոնային քառամաս կոնցերտը՝ Op. 91, ինչպես նաև «Բասսո օստինատո»-ն՝ «Պոլիֆոնիկ տետր» կոնցերտից (Op. 93)։ Կոմպոզիտորի երաժշտական մտածողության մեջ պոլիֆոնիկ հյուսվածքը, կրկնվող ռիթմական հիմքերն ու դրամատիկ զարգացումները երգեհոնին հաղորդում են գրեթե նվագախմբային ընդգրկում։

Երեկոյի եզրափակիչ հուզական շեշտը Թարիվերդիևի «Ձյուն՝ Լենինգրադի վրա» ստեղծագործությունն էր՝ «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» հանրահայտ ֆիլմից։ Կինոերաժշտության սիրահարների համար այս մեղեդին վաղուց ավելին է, քան ֆիլմի երաժշտական դրվագ․ այն հիշողություն է, տրամադրություն, ժամանակի ու մարդկային զգացմունքների յուրահատուկ երաժշտական պատկեր։

May be an image of piano and text

Հանդիսատեսի ջերմ ու երկարատև ծափողջույնները Հիրոկո Ինոուէին բիս նվագելու առիթ դարձան։ Երգեհոնահարուհին երկու անգամ հանդես եկավ, որոնցից մեկը Թարիվերդիևի «Մոռացված մեղեդի» ստեղծագործությունն էր։

Երեկոյի ավարտին կրկին համոզվում ես, որ երգեհոնը պարզապես հզոր հնչողությամբ երաժշտական գործիք չէ։ Այն կարող է դառնալ տարբեր մշակույթների հանդիպման վայր, պատմական հիշողության կրող և մարդկային ամենանուրբ ապրումների արտահայտիչ։ Իսկ Թարիվերդիևի 95-ամյակին նվիրված այս համերգը դարձավ հենց այդպիսի երաժշտական հանդիպում՝ Ճապոնիայից Բախ, Բախից Թարիվերդիև, և այդ ամենի միջով՝ դեպի ունկնդրի ներաշխարհ։

Սիմոն Սարգսյան

May be an image of one or more people, clarinet, violin and crowd