Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։
«Չգիտես՝ ինչու մենք այն անվանում ենք «հայկական կարուսել»: Չգիտեմ, միգուցե Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել»: Սա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սոցիալապես անապահով մարդկանցից, բանտարկյալների ընտանիքներից տարբեր պատրվակներով վերցնում են ինքնության վկայականներ՝ անձնագրերը, իսկ հետո դրանք օգտագործվում են քվեարկության համար։
Մեկ ID-ով և տարբեր էլեկտրոնային սարքերով դա հնարավոր է եղել անել նույնիսկ 17 անգամ։ Նրանց տրամադրության տակ եղել են անձը հաստատող մեծ թվով փաստաթղթեր, անձնական համարներ»,- հայտարարել է Զուրաբիշվիլին՝ նկատի ունենալով հղափոխությունից առաջ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ եղած լցոնումներն ու կեղծիքները:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների մոտ 54 տոկոսը։
Ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների կոալիցիան» հավաքել է 11,04 տոկոս, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,17 տոկոս, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,8 տոկոս, «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 7,8 տոկոս։
Բոլոր չորս ընդդիմադիր միավորումները և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընտրություններն անվանել են կեղծիք և հրաժարվել են ճանաչել հայտարարված արդյունքները։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կոչ են արել լիարժեք հետաքննություն անցկացնել։
Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է «հայկական կարուսելի» մասին Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերին։
«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունն այն մասին, թե հոկտեմբերի 26-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իբր օգտագործվել է «հայկական կարուսել», ուղղված է ընտրությունների արդյունքների վարկաբեկմանը, իրականությանը չընդունելուն: Նախագահը վարկաբեկում է էլեկտրոնային ընտրական տեխնոլոգիաները չհիմնավորված և կեղծ մեղադրանքներով, ինչն անվստահություն է առաջացրել տեխնոլոգիաների նկատմամբ»,- հայտարարել է ԿՀԸ-ն:
Հայտարարության մեջ ասվում է, որ Զուրաբիշվիլին հանրությանը հավաստիացնում է, որ ընտրությունները ամբողջովին կեղծված են և անհիմն մեղադրանքներ է ներկայացնում, ինչպես օրինակ՝ իբր մի քանի անգամ նույն ID քարտով քվեարկություն է իրականացվել։
Վրաստանի ԿԸՀ-ն միաժամանակ նշել է, որ ընտրական տեխնոլոգիաները հոկտեմբերի 26-ին աշխատել են առանց խափանումների, ինչն արձանագրել են միջազգային, տեղական դիտորդական առաքելությունները, գործընթացին հետեւող ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
Բաց մի թողեք
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են. թուրք նախարար
Ադրբեջանը և Իրանը ստորագրել են ռազմական համագործակցության արձանագրություն
Խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ. Երևանի ավագանու նիստում իրավիճակը լարվել է, գրիչներ են շպրտում