21/06/2025

Հայաստանը «կպատանդառվի» նաև տնտեսապես` սթափվել է պետք

Իրանի դեմ Իսրայելի սկսած պատերազմը Հայաստանի համար առաջացնում է ոչ միայն անվտանգային և քաղաքական ռիսկեր, այլ նաև տնտեսական: Այս ասպեկտի մասին խոսվում է քիչ, մինչդեռ այն ոչ պակաս կարևոր է, քան անվտանգությունն ու քաղաքական ռիսկերը:

Ի վերջո, տնտեսությունը Հայաստանի կենսունակության ու դիմադրունակության ակունքն է, որտեղ խնդիրները, բնականաբար, ինքնաբերաբար նվազեցնում են նաև մյուս բոլոր ուղղություններով դիմադրունակության ու ճկունության հնարավորությունները:

Առավել ևս այն պարագայում, որ այս օրերին կան խնդիրներ նաև Վրաստանի տարածքով արտահանումների կապակցությամբ: Սա, իհարկե, առանձին թեմա է, թե ինչո՞ւ են Վրաստանում այդ խնդիրները ծագել և ինչու չեն լուծվում մինչև հիմա, ինչու արդեն գրեթե երկու ամիս Հայաստանի կառավարությունը չի կարողանում լուծել այդ հարցերը մի երկրի հետ, որի հետ Երևանը ստորագրել է ռազմավարական գործընկերության հռչակագիր:

Իրանի հարցում, իհարկե, Հայաստանի կառավարության պատասխանատվությունը բացակայում է, բայց, այդուհանդերձ, կառավարության վրա է լինելու պատասխանատվությունը՝ ապահովել երկրի տնտեսության արտահանումների ու ներկրումների բնականոն ընթացքը, կամ հնարավոր ռիսկերը հասցնել նվազագույնի:

Եթե Իրանի տարածքով ներկրումների և արտահանումների հարցում առաջանում են լոգիստիկ բարդություններ, ապա այստեղ, իհարկե, Հայաստանի կառավարությունը չէ պատասխանատում, բայց այդ բարդությունները հաղթահարելու հարցում պատասխանատվությունը որեւէ այլ մեկինը չէ, քան կառավարությանը:

Ուրեմն պետք է բազմապատկել աշխատանքային էֆեկտիվությունը Վրաստանի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, դրա զուգահեռ թերևս առաջանում է հարց, թե արդյո՞ք առկա իրավիճակը և Իրանի դեմ Իսրայելի գործողությունը ծառայեն առիթ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակման օրակարգի ուղղությամբ որոշակի քայլեր հանրայնացնելու համար:

Այստեղ է նաև տնտեսության և քաղաքականության ու անվտանգության պատճառահետևանքային կապը: Եթե Ադրբեջանն ու Թուրքիան չտեսնեն լոգիստիկ խնդիրների պարագայում Հայաստանի կառավարության այլընտրանքային լուծումներ, բնականաբար, առավել բարձրացնելու են «ճանապարհների օրակարգում» իրենց «գները», ինչի հետևանքը կարող է լինել այն, որ Հայաստանը «կպատանդառվի» նաև տնտեսապես:

Իհարկե, իրավիճակը, բարեբախտաբար, հեռու է կրիտիկականից, բայց ամբողջ հարցն այն է, որ ներկայիս համաշխարհային արագությունների պարագայում այն, ինչ թվում է հեռու, կարող է «մեր աչքը մտնել» հաշված օրերի ընթացքում:

Ըստ այդմ` թերևս հրամայական է, որ Հայաստանի կառավարությունը ակտիվորեն աշխատի այսօր հեռու թվացող սցենարների կանխավարկածով: Ինչպես ասում են՝ հուսալով, որ բանը չի հասնի դրան, այդուհանդերձ, պետք է պատրաստ լինել վատթարին: