11/07/2025

Ներկայիս դատական համակարգից արդար որոշում ակնկալելն անիմաստ է․ Գրիգորյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը վստահ է՝ ներկայիս դատական համակարգից արդար որոշում ակնկալելն անիմաստ է։

Լրագրողների հետ զրույցում, երբ քննարկվում էր պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի հարցը, նա նշեց, որ նման գործերով դատական գործընթացները վաղուց արդեն կորցրել են իրենց անկախությունն ու արդարության սկզբունքը։

Գրիգորյանը շեշտեց նաև, որ նույն դատավորը ընդամենը օրեր առաջ որոշում էր կայացրել Սամվել Կարապետյանի վերաբերյալ, ինչը, ըստ նրա, արդեն բավական է՝ հասկանալու, որ ոչ մի լավ ակնկալիք այս դատավարությունից ունենալ պետք չէ։

Նա համոզված է, որ ներկայում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները համակարգված ու նպատակային են։ Ըստ նրա՝ այս ամենը պետք է դիտարկել որպես մի ընդհանուր գործընթացի տարրեր, որոնց միջոցով փորձում են ճնշում գործադրել քաղաքական ընդդիմության վրա։

Աննա Գրիգորյանը նշում է երկու հիմնական պատճառ, թե ինչու է նման զարգացումների ականատես լինում հանրությունը։ Առաջինը՝ 2026 թվականի ընտրություններն են, որոնց նախաշեմին, ըստ պատգամավորի, իշխանությունները փորձում են հեռացնել քաղաքական դաշտից բոլոր կարևոր դերակատարներին։ Իսկ երկրորդ՝ և առավել կարևոր պատճառը, ըստ նրա, հնարավոր զիջումներն են, որոնք իշխանությունները պատրաստվում են կատարել։ Այդ պայմաններում, ըստ Գրիգորյանի, իշխանություններին խանգարող ուժերին մեկուսացնելը դառնում է պարտադիր քայլ։