2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի հրամանատարությանը հասցեագրված մի փաստաթուղթ։
Դրանում խոսվում է Հայաստանում՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի համալրման և դրա համար նախատեսված միջոցառումների մասին։ Փաստաթուղթն ուղղված է գեներալ-մայոր Զեմսկովին և նշվում է, որ համալրման ենթակա զինծառայողները պետք է ընտրվեն 2025 թվականի մայիսի 13-ից մինչև հունիսի 11-ը՝ ՌԴ Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներից՝ պայմանագրային հիմունքներով Գյումրիում ծառայություն իրականացնելու նպատակով։
Ենթադրյալ հրամանում առանձնահատուկ շեշտադրվում է թեկնածուների մասնագիտական հմտությունների և հոգեբանական կայունության անհրաժեշտությունը, ինչպես նաև բացառվում է թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի հետ առնչությունն անցյալում։
Բաքվի քարոզչական արձագանքը
Ուկրաինական հետախուզության տարածած այս փաստաթուղթը լայնորեն շրջանառվեց ադրբեջանական քարոզչական հարթակներում՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին սրացումների ֆոնին:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսի վերջին կտրուկ լարվեցին ռուս-ադրբեջանական հարաբերությունները․ հունիսի 27-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում ուժայինները հատուկ գործողությամբ ձերբակալեցին էթնիկ ադրբեջանցիների խմբավորման անդամների, որոնցից երկուսը՝ եղբայրներ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները, մահացան կալանավայրում։
Ի պատասխան՝ Բաքուն հնչեցրեց մեղադրանքներ, պնդելով, թե կատարվածը ազգային հողի վրա բռնության դրսևորում է և իր հերթին ձերբակալեց ու ծեծի ենթարկեց Բաքվում ռուսաստանյան Sputnik լրատվամիջոցի աշխատակիցների, կասեցրեց Ռուսաստանի հետ առնչվող մշակութային-դիվանագիտական միջոցառումները։
Այսպես, Բաքվի քարոզչական ռեսուրսները տեղեկությունն օգտագործեցին հակահայկական կեղծ թեզերի շրջանառության համար, մասնավորապես, պնդելով, թե ՌԴ-ն Ադրբեջանի նկատմամբ ճնշումների համար օգտագործում է Հայաստանի տարածքը։
Օրինակ՝ Aze.Media-ն պնդեց՝ «Ռուսաստանը փորձում է ռազմական ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա՝ Հայաստանի տարածքից»՝ ենթադրելով, որ ռուսական զորքերի կուտակումը կարող է ուղղված լինել Բաքվի դեմ։
EADaily ռեսուրսն իր հերթին շեշտել էր, թե զորքերի համալրումը կատարվում է Բաքվի հետ լարվածության աճի ֆոնին, ինչը, ըստ մեկնաբանների, կարող է վկայել հնարավոր ապագա գործողությունների մասին։
Հատկանշական է, սակայն, որ համալրման վերաբերյալ ենթադրյալ փաստաթղթում միջոցառումների սահմանված ժամկետը վերաբերում է մայիսի կեսից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածին․ այսինքն, ենթադրյալ հրամանը ռուս-ադրբեջանական վերջին լարվածության բռնկումից առնվազն մեկ ամիս ավելի վաղ է արձակվել։
Հետևաբար, պնդումը, թե ՌԴ-ն զորք է համալրում Հայաստանում Ադրբեջանին ճնշելու նպատակով՝ հիմնված է դեպքերի ժամանակագրական տրամաբանության խախտման, խեղաթյուրման վրա, ուստի կեղծ է ու մանիպուլյատիվ։
Հատկանշական է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության վարչությունը ևս ռազմաբազայում ենթադրյալ համալրման մասին հրամանը ներկայացրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության մանիպուլյատիվ համատեքստում՝ նշելով, որ Հայաստանում ռուսական ուժերի տեղակայումը «Կրեմլի ավելի լայն ռազմավարության մի մասն է, որն ուղղված է համաշխարհային անվտանգության ապակայունացմանը»։
«Ազգամիջյան բախումների հրահրմանը զուգահեռ, Մոսկվան ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Կովկասում։ Հավանական է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացումը նախապես մտածված էր», — ասել է գերատեսչության ներկայացուցիչ Անդրի Յուսովը՝ փաստացի խեղաթյուրելով դեպքերի ժամանակագրությունը։
Հայաստանի պաշտոնական արձագանքը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այս մանիպուլյատիվ թեզերին արձագանքել է հերքումով․ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հուլիսի 5-ին X-ում գրեց․ «Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող որոշ կեղծ լուրերի՝ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ իր տարածքը չի կարող օգտագործվել երրորդ երկրների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար»:
Այսպիսով, 102-րդ ռազմաբազայի համալրման վերաբերյալ ենթադրյալ հրամանն արձակվել է ռուս-ադրբեջանական վերջին լարվածությունից առնվազն մեկ ամիս առաջ, հետևաբար, Բաքվի քարոզչական ռեսուրսների պնդումները, թե ՌԴ-ն Ադրբեջանի հետ լարվածության ֆոնին ՀՀ-ում զորք է տեղակայում ճնշումների նպատակով, խեղաթյուրում են դեպքերի ժամանակագրական և տրամաբանական պատկերը։
Նանե Մանասյան
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել