31/07/2025

Ով ով է և ինչպես

Գերագույն խորհրդի պատգամավորները, համոզված եմ, կհիշեն, թե Գեորգի Թաթարյանն ինչպես էր դիվոտվում «պարոն» դիմելաձևից, որ իշխանության բարձրագույն մարմնի նիստերի դահլիճ էր բերել ՀՀՇ-ն:

Այնքան, որ մի անգամ պոռթկաց և խռպոտ ձայնով նորերին ծաղրեց, թե «ծակ գրպանով պարոնս ո՞րն է»: Նա խորհրդային Հայաստանի օլիգարխիայի, թերևս, ամենատիպիկ դեմքն էր և ամառային «ֆրենչի» գրպանում առնվազն օրվա ծախս հազար ռուբլի էր պահում:

Հետո տարածվեց թափառիկ սյուժե, որ նոր իշխանության ներկայացուցիչները ժամանակին «Սկվազնիչոկում» մի շիշ «Հրազդան» գինու փող չունեին, բայց «բիրդանաղա» են դարձել: Թեև «Ղարաբաղ» կոմիտեի գրեթե բոլոր անդամները «հոմո-սովետիկուսի» չափանիշներով միջինից բարձր խավի մարդիկ էին:

Բայց խոսքը որ կպնում է՝ այլեւս չի պոկվում: Մանավանդ որ գրեթե չորս տարի Արշակ Սադոյանը չորրորդ խոսափողից «հարգելի ռադիոլսողներին» պատմում էր «մազութ լափելու» և «էլեկտրաէներգիան Վրաստանին էժան վաճառելու կամ պարզապես հողանցելու» մասին:

Շատերը կհիշեն այդ տարիների վարչապետ Հրանտ Բագրատյանին ուղղված հարցը, թե ի՞նչ միջոցների հաշվին է «նահանգային Մալրբորո» ծխում, և նրա պատասխանը, որ գործուղման գումարները տնտեսում, ծխախոտ է գնում:

Այնպես որ, Հայաստանում իշխանություններին միշտ էլ «ցոփուշվայտ ապրելու համար» քննադատել են, բանը հաճախ հասցրել աբսուրդային հիստերիայի:

Ընդդիմությունը հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ «նախահեղափոխական դարաշրջանի» լուսանկարներ և բումերանգ ստացել, ՔՊ-ական պատգամավորները, Փաշինյանի համակիրները ֆեյսբուքը հեղեղել են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի պատանեկան, վաղ երիտասարդության տարիների սև-սպիտակ լուսանկարներով՝ որպես ապացույց, որ նրանք Ղարաբաղից ծակ շալվարով և ճղված բոթասներով են Երևան եկել:

90-ականների վերջերից Նիկոլ Փաշինյանը հաջողակ լրագրող էր, թերթի հիմնադիր, հետագայում՝ քաղաքական գործիչ, Ազգային ժողովի երկու գումարումների պատգամավոր և վարչապետի պաշտոնին հասել է իմացությամբ, հմտություններով, բայց ամանակարևորը՝ իր կերպարի և խարիզմայի շնորհիվ:

Իր երիտասարդական անցյալից վարչապետ Փաշինյանը տասնյակ լուսանկարներ է հրապարակել՝ որպես ապացույց, որ այդ տարիներին ինքը և ընտանիքը բավական բարեկեցիկ կյանքով են ապրել:

Ռուսաստանի նախագահի մանկության, պատանեկության, նույնիսկ գերմանական կյանքից լուսանկարներ են տարածվում, որ պարզապես խեղճուկրակություն են: Ռուսաստանում ու՞մ է հետաքրքիր, թե նա ինչո՞ւ մոտ վաթսուն տարեկանում ամուսնալուծվեց, որտե՞ղ է գտնվում նախկին կինը, ո՞ր երկրի քաղաքացի են դուստրերը, թոռները, որոնց նա, իր իսկ խոստովանությամբ, հաճախակի հյուրընկալում է Կրեմլի բնակարանում:

ԱՄՆ-ում ո՞ւմ է հետաքրքրում, թե քանի՞ անգամ է ամուսնացել Դոնալդ Թրամփը, որ կնոջից քանի՞ երեխա ունի:

Հայաստանը, իհարկե, Ռուսաստան չէ, Միացյալ Նահանգներ չէ, Ֆրանսիա չէ ոչ միայն չափերով և ներուժով, այլև մենթալիտետով, բայց պիտի ընդունել, որ այս երկրում ոչ ոք Լորիս Մելիքովի կամ իշխան Արգուտինսկի-Երկայնաբազուկի ժառանգ չէ, ամբողջ կյանքը թիթեռնիկ փողկապով-սմոկինգով չի ապրել:

Բոլորս էլ «բանվորա-գյուղացիության և նրա ծոցից ծնված ինտելիգենցիայի» սերունդ և նրա ժառանգ ենք: Իսկ սոցիալական արդարությունը հաստատվում է ոչ թե բանսարկությամբ կամ «հացի բունտի» քարոզչությամբ, այլ՝ օրենքով: