19/08/2025

Ադրբեջանը որևէ փաստաթղթով պաշտոնապես չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Մելոյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի գնահատմամբ՝ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի շահերին համապատասխան որևէ դրույթ և իր բովանդակությամբ հակահայ է։

Նրա խոսքով՝ իշխանությունների հայտարարությունները խաղաղության հաստատման վերաբերյալ իրական հիմք չունեն, քանի որ փաստաթղթում դրա վերաբերյալ որևէ հստակ պայման չկա։

Մելոյանի ներկայացմամբ՝ համաձայնագրում ամրագրված է Հայաստանի պարտավորությունը՝ ապահովելու Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ճանապարհը, ինչպես նաև վերացվում է Ադրբեջանին զենք տրամադրելու սահմանափակումը, որը նախկինում ամրագրված էր 907-րդ բանաձևով։ Միևնույն ժամանակ, Հայաստանի համար դրական որևէ պայման չի նախատեսվել, գերիների վերադարձի հարցն էլ չի նշվել։

Մասնագետը շեշտում է, որ խաղաղության մասին խոսելն անհնար է այն պետության հետ, որը շարունակում է պահել հայ ռազմագերիներին և իրականացնել ապօրինի դատավարություններ։ Նրա կարծիքով՝ այս փաստաթուղթը վկայում է Հայաստանի գործող իշխանությունների քաղաքական ձեռնունայնության մասին։

Բացի այդ, Մելոյանը ընդգծում է, որ թեև խոսվում է տարածքային ամբողջականության մասին, Ադրբեջանը որևէ փաստաթղթով պաշտոնապես չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Ադրբեջանը որևէ փաստաթղթով չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը