27/09/2025

Օվերչուկի պնդումը ՌԴ-Հայաստան առևտրի կրճատման մասին․ պաշտոնական տվյալները և միտումները

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը օրեր առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը «զգալիորեն կրճատվել է» և մինչև տարեվերջ «գուցե հասնի նախորդ տարվա ցուցանիշների կեսին»։

«Եթե նախորդ տարի առևտուրը կազմել է 12․4 մլրդ դոլար, ապա այս տարի, ամենայն հավանականությամբ, այն կլինի մոտ 6 մլրդ-ի սահմաններում», — ասել է նա Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պաշտոնական վիճակագրությունը և համադրել Օվերչուկի պնդման հետ։

ՌԴ և այլ երկրների տեսակարար կշիռը

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է 34․9%՝ մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն եղել է 44․4%։

Զուգահեռաբար աճել է Եվրոպական միության երկրների տեսակարար կշիռը․ այն կազմել է 12․2%՝ նախորդ տարվա 6․3%-ի փոխարեն։

ԵՄ երկրների շարքում Հայաստանի համար համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեն Գերմանիան և Իտալիան։

ԵՄ-ից զատ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեծ մասը բաժին է հասել «Այլ երկրներ» ենթատողին․ այն կազմել է ընդհանուրի 50․5%-ը՝ նախորդ տարվա 48․1%-ի համեմատ։

Այլ երկրների թվում տեսակարար կշռի աճ գրանցած երկրներն են․

  • Չինաստան — 12․6% (նախորդ տարի՝ 8․3%),
  • Իրան — 3․6% (նախորդ տարի՝ 2%),
  • Իրաք — 1․8% (նախորդ տարի՝ 0․5%),
  • Վրաստան — 1․5% (նախորդ տարի՝ 0․9%)։

Այսպիսով, Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում դիվերսիֆիկացիայի միտում է նկատվում։

ՌԴ-ի և այլ երկրների հետ առևտրի գումարային ցուցանիշները

Օվերչուկը պնդել էր, թե առևտուրը 2025 թվականին կարող է կրճատվել մինչև 6 մլրդ դոլարի։

Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականի առաջին յոթ ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3․9 մլրդ դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն եղել է 9 մլրդ դոլար։

Այսինքն՝ այս տարի Ռուսաստանի հետ առևտուրը կտրուկ անկում է գրանցել։

Ի դեպ, 2024 թվականին ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության աճը զգալիորեն պայմանավորված էր նաև վերաարտահանման գործոնով, ինչի մասին բազմիցս հայտարարել են ոլորտի ներկայացուցիչներն ու մասնագետները։

Սակայն եթե դիտարկենք ավելի լայն ժամանակահատված, ապա պատկերն այլ է․

  • 2023 թվական — 3․6 մլրդ դոլար,
  • 2022 թվական — 2 մլրդ դոլար,
  • 2021 թվական — 1․3 մլրդ դոլար,
  • 2020 թվական — 1․1 մլրդ դոլար,
  • 2019 թվական — 1․1 մլրդ դոլար։

Այս տվյալները ցույց են տալիս, որ մինչև 2024 թվականը Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը կայուն աճ է գրանցել։

Ինչ վերաբերում է մյուս երկրներին, ապա վերջին տարիներին (բացառությամբ 2024-ի, երբ առևտրաշրջանառության ցուցանիշը  պայմանավորված էր նաև վերաարտահանմամբ) աճ է նկատվում նաև «Այլ երկրների» ուղղությամբ։ Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին այդ ուղղություններով առևտրաշրջանառության գումարը կազմել է 5․7 մլրդ դոլար։ Նախորդող տարիներին գումարային ցուցանիշը եղել է շատ ավելի ցածր։

Այսպիսով, Օվերչուկի պնդումը ճիշտ է միայն այն մասով, որ ՌԴ-Հայաստան առևտուրը 2025 թվականին կտրուկ կրճատվել է 2024-ի համեմատությամբ։ Սակայն եթե համեմատենք ավելի լայն կտրվածքով՝ նախորդ 5 տարիների հետ, ապա 2025-ի ցուցանիշները համադրելի կամ նույնիսկ բարձր են եղել նախորդ տարիների ցուցանիշներից։

Մյուս կողմից, նկատենք, որ թե՛ տեսակարար կշռի, թե՛ գումարային ցուցանիշների կտրվածքով շարունակական աճ է գրանցվում այլ երկրների հետ առևտրաշրջանառությունում, ինչը վկայում է Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացման նկատելի միտումների մասին։

Գայանե Մարկոսյան