08/11/2025

Ադրբեջանի հաղթանակը նաև մեր հաղթանակն է․ Իսրայելի ցինիզմը

Իսրայելական «The Jerusalem Post» թերթը հոդված է հրապարակել՝ նվիրված 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի 5-րդ տարեդարձին:

«Ուժի իմաստությունը. ինչպես է Ադրբեջանը ռազմական հաղթանակը վերածել խաղաղության» վերնագրով հոդվածը նկարագրում է երկրի անցած ճանապարհը՝ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած առճակատումից մինչև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման գործում նրա ներկայիս ներդրումը։

Հոդվածի հեղինակ Ռոման Գուրևիչը նշում է, որ Ադրբեջանը «Ղարաբաղն ազատագրել է ռազմական միջոցներով, սակայն պետության իրական ուժը բացահայտվել է պատերազմից հետո՝ լայնածավալ վերակառուցման նախագծերում, ներքին տեղահանված անձանց վերադարձի և միջազգային համագործակցության զարգացման մեջ»։

Հոդվածագիրը հատուկ շողոքորթությամբ և ընդգծված ադրբեջանամետությամբ ընդգծում է, որ «Ադրբեջանը կենտրոնանում է դիվանագիտության, մարդասիրական նախաձեռնությունների և երկարաժամկետ խաղաղության վրա՝ օրինակ ծառայելով այլ երկրների համար»:

Հեղինակը նաև հիշատակել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև Սպիտակ տանը՝ այս տարի օգոստոսի 8-ին կայացած հանդիպումը՝ այն անվանելով «կայուն խաղաղության առաջին քայլը»։

Գուրևիչն այնքան է տպավորվել իր գովերգով, որ Ադրբեջանի հաղթանակը կարևոր է համարել նաև Իսրայելի համար, որտեղ պատերազմի ավարտից հետո բացվել է Ադրբեջանի դեսպանատուն։

«Նոյեմբերի 8-ի հաղթանակը նշանավորեց միջազգային իրավունքի, խաղաղության և կայունության վերականգնումը։ Ադրբեջանի հաղթանակը նաև մեր հաղթանակն է։ Ուժի իրական իմաստությունը կայանում է ոչ թե նվաճումների, այլ քաջության, փոխադարձ հարգանքի և կարեկցանքի մեջ», – գրում է հեղինակը։