Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ ընդդեմ փաստաբան, ՔՊ անդամ Ալեքսանդր Սիրունյանի։
Դիմումի համար հիմք է հանդիսացել փաստաբանի ֆեյսբուքյան մի գրառումը․ «Մի հատ մարզ կա, որտեղ դատավորների գործերի բաշխումն անում ա քննչականի պետը։ Ինքն ա որոշում որ դատավորին որ միջնորդությունը գրի։ Էս խոտաբույսերն էլ վեկալում` քննում են։ Չգիտեն, որ միջնորդությունը առնանդամ չի, վեկալել չի կարելի»։
Դատավորն իր դիմումում նշել է, որ 2025 թ. օգոստոսի 6-ին իրեն է զանգահարել քրեական դատարանների խոսնակը եւ հայտնել է, որ Սիրունյանի գրառման կապակցությամբ պարզաբանում ստանալու նպատակով կապ է հաստատել վերջինիս հետ, որը նշել է, թե՝ ում նկատի ունի եւ խոսնակն ուղարկել է համապատասխան փաստաթղթերի լուսանկարներ։ Ուստի ինքն էլ որոշել է իր վիրավորված արժանապատվությունը վերականգնի դատախազություն դիմելով, որ իրենց վիրավորած փաստաբանի նկատմամբ քրեական գործ հարուցեն եւ դատեն:
Փաստաբան Սիրունյանը «Հրապարակ»-ին ասաց, որ Քննչական կոմիտեն արդեն նախաքննություն է իրականացրել` ավարտել, դատախազը հաստատել է մեղադրանքը եւ գործն ուղարկել է դատարան, այն գտնվում է դատավոր Հարություն Մանուկյանի վարույթում։ Սիրունյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, կիրառվել է նաեւ բացակայելու արգելք խափանման միջոց։
Իսկ մեղադրական եզրակացության մեջ նշված է․ «Ալեքսանդր Սերգեյի Սիրունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում իրականացված թիվ 44140925 քրեական վարույթով մեղադրյալ Արթուր Նազարյանի պաշտպանը, նախաքննություն իրականացնող մարմնի կողմից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված միջնորդությունների կապակցությամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով»։ Իսկ թե ինչո՞ւ է դատավոր Սարգիս Հովհաննիսյանն այդ գրառումն «իր վրա վերցրել» եւ դիմել դատախազություն, Սիրունյանն ասաց՝ դատարանում ամեն ինչ կպարզվի։
Նկատենք, որ Ալեքսանդր Սիրունյանը չնայած իշխող կուսակցության անդամ է, սակայն բազմիցս կոշտ քննադատության է ենթարկել դատախազությունը եւ մասնավորապես` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: Այս քրեական գործի հարուցումն ու նման արագությամբ դատարան ուղարկվելը, թերեւս, նաեւ գլխավոր դատախազի անձնական շահագրգռությամբ է բացատրվում:

Բաց մի թողեք
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք․ ՀԿԿ
Հերթը հասավ Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքներին, ովքեր իշխանամետ գործարարների ճամբարից են
Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է