Հայ ռազմագերիները Բաքվում խոշտանգվում են` Ռուբեն Վարդանյանի եւ Բակո Սահակյանի լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ նրանք դաժան կտտանքների են ենթարկվում, եւ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն վաղուց չի այցելում նրանց:
Անկախ փաստաբաններ, լրագրողներ, միջազգային հանրության ներկայացուցիչներ եւս չեն կարողանում այցելել նրանց եւ անաչառ տեղեկատվություն հաղորդել մեզ: Օրեր առաջ էլ իբրեւ թե դատավարությունն ավարտվեց, եւ Ադրբեջանի դատախազը նրանց համար դատարանից պահանջեց ցմահ ազատազրկումից մինչեւ 18 տարի ազատազրկում:
Բակո Սահակյանի ատամնաբույժը «Հրապարակի» հետ զրույցում դեռ ամիսներ առաջ նշել էր, որ վերջինիս ատամները, նախքան գերությունը, կոտրված չեն եղել, առջեւի բոլոր ատամներն առկա են եղել, իսկ հատուկենտ կադրերում երեւում է, որ ատամները վնասված են: Ռուբեն Վարդանյանի ճակատի հատվածում եւ դեմքի այլ մասերում կապտուկները եւս խոսում են այն խոշտանգումների մասին, որոնք կիրառվում են նրա նկատմամբ, միջազգային փորձագետները նշել էին, որ դրանք երկաթե աքցանների հետքեր են, որոնցով խոշտանգել են Ռուբեն Վարդանյանին:
Չնայած այս բոլոր դաժանություններին, Հայաստանից ինչ-որ անձինք, ովքեր ներկայանում են որպես քաղհասարակություն, մեկնել էին Բաքու: Այդ այցը հասկանալի կլիներ, եթե նպատակը լիներ գերիներին այցելելը կամ նրանց հարցը բարձրացնելը, սակայն պատվիրակության անդամներից մեկը` Բորիս Նավասարդյանը, հայտարարեց, որ այս այցի ժամանակ հայ ռազմագերիների հարցն իրենց համար առաջնահերթություն չի եղել:
2023 թվականի նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը հրապարակել էր արցախցի գերիներից առաջինի՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը։ Նրան մեղադրեցին 1992 թվականին Մեշալի գյուղում տեղի ունեցած ինչ-որ դեպքերի մեջ, ինչ-որ կեղծ վկաներ բերեցին դատարան եւ դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։ Այս դատավարության ընթացքը պարբերաբար հեռարձակում էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Ազատազրկման առաջին 5 տարին, ըստ ադրբեջանական դահիճ դատարանի կայացրած դատավճռի, Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Հիշեցնենք, որ 2023-ի հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը Հակարի կամրջի մոտից առեւանգել էր Վագիֆ Խաչատրյանին, որն անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար փորձել էր Արցախից Հայաստան տեղափոխվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի՝ Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծած եղել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ իրականացված «հանցագործություններին»։ Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որեւէ հանցագործություն չի կատարել։ Եվ այն լուսանկարը, որը բերվել է դատարան` ենթադրյալ հանցագործի, իր երիտասարդ տարիների լուսանկարը չէ` այլ անձի լուսանկար է:
Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, «Հրապարակի» հետ զրույցում հույս հայտնեց, որ կարծում է, թե մի բան անում են իր հորը վերադարձնելու ուղղությամբ։ «Վերջին անգամ զանգահարել է մի քանի օր առաջ: Կարմիր խաչի միջոցով չի եղել զանգը, սակայն, թե ինչպես է եղել, չգիտեմ: Հարցրի` ո՞նց ես, հայրս ասաց, որ լավ է, չգիտեմ, հույս ունեմ, որ ամեն ինչ անում են նրան վերադարձնելու ուղղությամբ»,- ասաց նա:
Մենք կապվեցինք նաեւ Ռուբեն Վարդանյանի քրոջ` հայտնի երգահան Մարինե Ալեսի հետ: Նա ասաց. «Ես այդ թեմաների մասին չեմ ուզում խոսել: Այսօր իմ ծննդյան օրն է: Ես չեմ նշում, բնականաբար, բայց, իհարկե, եւ ոչ մի խոսելու բան էլ չունեմ` մանավանդ՝ այսպիսի օրով: Տնից դուրս չեմ գալիս, միայն գնացել եմ մեր հայրիկի գերեզման: Ինձ համար շատ ցավալի թեմա է սա, ինձ պետք չէ, որ հիմա շատ բան խոսեմ»:







Բաց մի թողեք
Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքից նախատեսվում է կառուցել նոր ավտոճանապարհ ․․․
Երբ կհաստատվի իրական խաղաղությունը