13/12/2025

Մանրամասներ Արցախի ներկայացուցչության խուզարկությունից

2025 թվականի հունիսին հարուցված քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում է տնտեսական բնույթի ենթադրյալ հանցագործությանը, իրականացվել են գործողություններ Արցախի ներկայացուցչությունում։

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց փաստաբան Ռոման Երիցյանը։

«Խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի և Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրին, որի մասով Արցախյան ներդրումային հիմնադրամը նախատեսել է սեսիայի պայմանագիր: Պայմանագիրը կնքվել է Հայաստանի և Արցախի կառավարության միջև փոխհամաձայնության հիման վրա։ Սակայն ես անձամբ որևէ հանցագործության տարր չեմ նկատել, և ինձ անհասկանալի է՝ 2021 թվականին տեղի ունեցած իրադարձությունները ինչ կապ ունեն Արցախի ներկայացուցչության հետ»,–ասաց Երիցյանը։

Փաստաբանը նշեց, որ դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչ փաստաթղթեր են փնտրում և ինչ կապ ունեն դրանք ներկայացուցչության հետ։ «Արցախի ներկայացուցչությունում չի կարող լինել որևէ հակաիրավական փաստաթուղթ, դրանք բացարձակապես բացակայում են»,– ընդգծեց նա։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ասաց, որ Արցախի ներկայացուցչության շենքում կատարվող  խուզարկությունների պատճառները շատերի համար ակնհայտ են. «Արցախի պետական մարմինների նկատմամբ հետապնդումները ակտիվ են եղել, և այս շենքը ևս բացառություն չէ», — նշեց նա լրագրողների հետ զրույցում։

«Արցախի ներկայացուցչությունում երեկվա լսումները լրացուցիչ առիթ դարձան, որ խուզարկություն սկսեն շենքում։ Եթե բավարար խանգարող հանգամանք չլինի, իհարկե, կհասնեն իրենց ուզածին, չեք տեսնո՞ւմ»,- ասաց նա:

«Մոտ 1 ժամ է՝ ՔԿ-ից մեծաքանակ խմբով ներկայացել են և խուզարկություն է տեղի ունենում՝ փաստաթղթերի մասով: Առաջին հարկում խուզարկությունը վերջացրել են, հիմա երկրորդ հարկն են խուզարկում․ սպասենք զարգացումներին»,- ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ անդրադառնալով Արցախի ներկայացուցչությունում իրականացվող խուզարկությանը:

«Այլ մեկնաբանություններ չունեմ՝ հասկանալի պատճառներով, հետո Արցախի իշխանություններն իրենց հստակ դիրքորոշումը կհայտնեն: Դատարանի որոշումը կա խուզարկություններ իրականացնելու և փաստաթղթեր առգրավելու, այս պահին դեռ ոչ մի փաստաթուղթ չի առգրավվել»,- հավելել է նա: Պետնախարաը չմեկնաբանեց լրագրողի այն դիտարկումը, որ սա կապո՞ւմ եք երեկվա լսումների հետ․ «Եկեք մեկնաբանություններ չանենք, որոշ ժամանակ անց մեր հստակ դիրքորոշումը կլինի»։