14/02/2026

Վախեցեք ոչ թե Քաջ Նազարից, այլ՝ Քաջ Նազարից վախեցողներից

Բոլոր ազգերն ունեն իրենց Քաջ Նազարները: Բայց ոչ մի ազգ մեր ունեցած Նազարը չունի: Հարցրեք՝ ով է գերազանցել հայ ազգի բոլոր դավաճաններին: 

Նրա համար՝ «Մեր պար­տությունները մեր հաղթանակներն են»: «Որքան տալիս ենք, այնքան հարստանում ենք»: «Կորցնում ենք մեր հողերը, որպեսզի հզոր հայրենիք ու պետականություն  ունենանք»: «Ցեղասպանվող ժողովուրդները հզորանում են: Մենք բավարար չենք ցեղասպանվել»: Խելահեղ մտքերի այս բույլը, որ լսում ենք մեր օրերում եւ ոչ թե հեքիաթներում, նազարիզմի գոհարներ են, որոնց կնախանձեն աշխարհի բոլոր միամիտ ու անմեղ Քաջ Նազարները: «Պետությունը ես եմ»,- դարեր առաջ վստահ հայտարարում էր իրեն «Արեւ-արքա» հռչակած Ֆրանսիայի բացարձակ միապետ Լյուդովիկոսը: Այն Լուին, որը Ֆրանսիայի տարածքներն ընդարձակել էր մի քանի Հայաստանի տարածքի չափով ու արարել զարմանահրաշ Վերսալ:

«Կառավարությունը ես եմ»,- հայտարարում է մեր Քաջ Նազարը, որի ապաշնորհ կառավարման արդյունքում միայն ու միայն կորուստներ ենք գրանցում եւ եկել-հասել ենք պետականությունը կորցնելու վտանգի առջեւ:

Արդարության հաստատման, հավասարության, եղբայրության, օրենքների գերակայության մասին մեր երազանքը որքան մեծ էր, այնքան քիչ ժամանակ հատկացրինք համոզվելուն, թե ում ենք բերում իշխանության ու վզին փաթաթում ծանր լուծը: Հետո հասկացանք, որ ադրբեջանա-թուրքական հեղափոխության միջոցով ուղղակի փողոցից պոկեցինք ու գլխներիս պատիժ-արքա կարգեցինք պոռոտախոս մի թուլամորթի, որին ճշգրիտ բնութագրելու համար բավարար չեն ոչ միայն հայերենի, այլ նաեւ բոլոր ազգերի բառարաններում բացասական տարաբնույթ բառերը:

Համեմատենք հարեւան երկրի նախագահին եւ մեր Նազարին: Ալիեւը ծնվել է «արքայական» ընտանիքում, փոքրուց ծանոթացել է երկիր կառավարելու հնարքներին, միջազգային հարաբերությունների համալսարանն է ավարտել, դիվանագետ է, հորից ժառանգել է ճկուն քծնելու արվեստը…

Հիշենք, թե արաբական հեռուստատեսության թղթակցի հարցերին պատասխանելիս ինչ եռանդով էր գովաբանում, հուզաթաթավ ձոներ հնչեցնում համաշխարհային մեկ այլ քաջնազարի` Դոնալդ Թրամփի մասին: Ամեն դեպքում, նա իր երկրի հայրենասերն է` թալանի հետ նաեւ մտածել է իր երկրի ապագայի մասին, բանակն է հզորացրել, խոշոր տերությունների հետ է պայմանավորվածություններ ձեռք բերել, որ հարձակվի ու պարտության մատնի տարածաշրջանում անպարտելիի համբավ ունեցող մեր բանակին:

Իսկ մեր Նազարի ծագումը մինչ օրս հստակ հայտնի չէ: Կրթություն չունեցող մի կիսագրագետ, որին միամտաբար՝ հենց փողոցից բերինք գլխներիս բազմեցրինք, որ մեր ժամանակը պարբերաբար լրացնի ողբերգական իրադարձություններով, կորուստներով, ազգային արժեքների ոտնահարումներով, հայկականության անվերապահ մերժմամբ ու դավաճանությամբ…

Իսկ ե՞րբ ու ինչպե՞ս դարձավ Քաջ Նազար: Երբ բարբառեց՝ Շուշին դժգույն քաղաք է: Կամ՝ երբ զառանցեց․ ձյունոտ սարերը մեզ պետք չեն: Կամ՝ երբ հայտարարեցին, թե մեր հողը գրաված ազերիները կհեռանան, երբ սովեն… Իսկ երբ Քարահունջը «ռագատկի քարեր», Գառնու տաճարը՝ քոսոտ մի շինություն՝ հավաբուն անվանեց, մեր եկեղեցիները՝ չուլաններ, ամոթանք տվեցի՞նք, պատասխան պահանջեցի՞նք: Մեկը հարց տվե՞ց, թե այդ ինչ հաշվարկով է հանկարծ՝ «հիմա մեր ժողովուրդը 50 տոկոսով ավելի լավ ապրում»: Իսկ 30 տոկոս աղքատության եզրին կանգնած խեղճուկրակ մարդիկ մեր հայրենակիցները չե՞ն:

Իսկ մենք զբաղված ենք իր ամենօրյա գրառում-բարբաջանքները, ծամածռություններով անցկացվող կառավարության եւ ԱԺ նիստերը, ծափուծիծաղով անցնող գինու, խաղողի, ընկույզի, չամիչի, վարունգ-լոլիկի, խորոված-խաշլամա-քյաբաբի փառատոները քննարկելով: Տեսած ու լսվա՞ծ բան է, թե ինչ անհոգությամբ է նա երկրի տարածքը հատիկ-հատիկ թշնամուն զիջում ու «կադաստրի թղթով» վավերացնում: Երեւի Շոթա Ռուսթավելու խրատը սրտին մոտ է ընդունել է․ «Տալով ես դու հարստանում, իսկ պահելով՝ աղքատանում»:

Բայց մեր Նազարը չի հասկանում, որ Շոթան խոսում էր սեփական ունեցածը տալ-նվիրելու մասին եւ ոչ թե պետական, հանրային, հայ ժողովրդի ունեցվածքը թշնամուն բաշխելու: Մեր Նազարը հազար մեղք ու հանցանք է գործել, հիմա էլ թաթը երկարել-հասցրել է մեր սրբության սրբոցին՝ Հայ առաքելական եկեղեցուն, սրբազաններին, երեւելի գործարարներին, զոհված հերոսների ծնողներին, լրագրողներին, հայրենասերներին… Անխտիր, առանց բացառության՝ երկրի բոլոր խավերն են թիրախում: Որոշել է երեւի բոլորին «ԱԱԾ-ի պադվալները կոխել»:

Կարո՞ղ եք ասել՝ իսկ ինչի՞ն չի հասել, ի՞նչը չի ապականել: Իսկ մենք, մե՞նք ինչով ենք հակադարձել: Ի՞նչ ենք արել՝ զսպելու համար: Ոչինչ: Ահա ինչու նա կարողացել է եւ կարողանալու է ավերել եւ ոչնչացնել նորանոր արժեքներ, հասնել այլ սրբությունների:

Նա արցախյան հարցի լուծումն է սկսել զրոյական կետից, նաեւ՝ տնտեսական, դատական համակարգի, կրթության, բոլոր բնագավառների «բարեփոխումները»: Արդյունքներն էլ, բնականաբար, պետք է «զրո» լինեին: Պատասխան տվե՞ց (վստահ եղեք՝ ժամանակը գա՝ տալու է): Իսկ գիտի՞, թե ինչ կատարվեց ԱՄՆ այն նախագահների հետ, որոնք իր հանցանքների համեմատ մանկական անմեղ զանցանքներ էին թույլ տվել: Մեկը գաղտնալսել էր հակառակորդ կուսակցության առաջնորդների խոսակցությունները, մյուսն ինչ-որ Մոնիկա Լեւինսկու հետ սիրային չարաճճիություններ էր արել: Ամերիկացիք նախագահական աթոռից թռցրին նրանց: Մինչդեռ մեր Նազարի հարյուրավոր հանցանքները ներվում են` հազարավոր զինվորներին ստույգ կործանման տանելը, անհայտ կորածներն ու ալիեւյան արդարադատության ճիրաններում հայտնված գերիները…

Իսկ ինչքա՜ն հիմարություններ ենք անտեսել: Մի օր ասաց. «Այդքան երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եկեք գույքագրենք, թե հայ ժողովուրդն ինչ է շահել դրանից»: Պետական պարտքն է կրկնապատկել` զրո արդյունք: Բացի դագաղից, պարտությունից, աղետներից, արհամարհանքից, աղքատությունից, թալանից ու կոռուպցիայից, ոչինչ լավ բան չի բերել մեզ: Եվ այս ամենը նրան հաջողվել է, քանի որ լռում ենք, պատասխան չենք պահանջում: Մեր իմաստուն զորավարներից մեկն ասում էր. «Երբ ժողովուրդը բարոյական քաջություն չի ունենում՝ պատժելու իր դժբախտության հեղինակներին, այդ նույն հեղինակների միջոցով պատմությունը պատժում է ժողովրդին»:

Իսկ ինչո՞ւ ենք լռում: Դուրս է գալիս, որ պակաս քաջնազարներն էլ մենք չենք: Որքան էլ ցավալի է՝ նման միջավայրում են ծնվում-հասունանում ու ամեն ինչ ապականում քաջնազարները, որոնք ի վերջո հասարակության գլխին դառնում են իսկական պատիժ ու խարան: Մի խելոք հայ սրտի ցավով գրել է մեր Նազարի մասին. «Ամեն անգամ մտածում եմ, որ Աստված ուղարկել է սրան, որպեսզի յուրաքանչյուր մարդ իր աչքի առաջ տեսնի կենդանի օրինակ, թե ինչպիսին չպետք է լինի մարդը։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր դեռ հավատում են նրան։ Չեմ կարող ընկալել, թե ինչքան ներքեւ պետք է ընկած լինի մարդը՝ իր արժեքային ու բարոյական ընկալումների մեջ, որ այս քաջնազարը նրա համար լինի բարոյական ուղեցույց… որպես տղամարդու, իշխանավորի կերպար։ Նրա մեջ չկա ո՛չ ուժ, ո՛չ հպարտություն, ո՛չ ազնվություն։ Եվ հենց սա էլ ավելի ընդգծում է նրա ողբերգական կերպարը…»:

Մտածել է հարկավոր չարիքից ազատվելու մասին, քանի դեռ ամեն ինչ չենք կորցրել, օրինական ի՞նչ քայլեր են հարկավոր այս քաջնազարին ազգի մեջքից պոկելու համար: Այո, հասարակության գրեթե բոլոր շերտերը դժգոհ են, դժգոհությունն օր-օրի ահագնանում է, սպասվում է ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆ: Բայց ժողովուրդը հապաղում է, կաշկանդված է, մտահոգ է՝ բա որ թախտից գցենք, ու մի նոր Քաջ Նազար, ավելի վատթար, հայտնվի՞…

Կարծում եք՝ Նազարն այս ամենը չգիտի՞: Նա գիտակցաբար է դժգոհությունների առիթ տալիս, նրան հարկավոր է երկրում անկայունություն, խժդժություններ, հեղափոխական իրավիճակ, խելագարված ամբոխների խելահեղ ելույթներ, ծայրահեղ գործողություններ… Պատասխանատվությունից ազատվելու այլ ելք նա չունի: Նրան երաշխիքներ են տվել, կանչով լինի, թե առանց կանչի՝ թուրք կարդաշները կշտապեն օգնության, կգան՝ մեր երկրում «ֆաշիզմը» ոչնչացնելու, վիլայեթական կարգուկանոն հաստատելու… Իսկ ինքը կլինի՞… Համենայնդեպս՝ հույս ունի: Քաջ Նազարը միշտ էլ բախտ ունի…

Գագիկ Անտոնյան; Գրող, լրագրող

Ինչպես են ծնվում քաջնազարները