27/12/2025

Փաշինյանի ձախավեր արշավը ի սկզբանե զվարճալի էր ու ողորմելի

Փաշինյանի ձախավեր արշավը Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ, ի սկզբանե զվարճալի էր ու ողորմելի։

Հրապարակ թերթը գրել է․ Զվարճալի էր, որովհետեւ արշավը սկսվեց Փաշինյանի բարոյական ապականության ու մտավոր թերատության վիհը ի ցույց դնող ստախոսություններով՝ Հայաստանում կան եկեղեցիներ, որ չուլանի են վերածված, կան հոգեւորականներ, որ մանկապղծություն են գործում․․․ հետո՝ կաթողիկոսն ու Արշակ սրբազանը կուսակրոնությունն են խախտել, Բագրատ սրբազանը ապստամբություն է նախապատրաստում, Աջապահյան սրբազանը տարիներ առաջ ինչ-որ կոչ է արել․․․ Փաշինյանի անառողջ ուղեղում ինչ ֆանտասմագորիա պատկերանար, դա դառնում էր սոցցանցային գրառում, իրավապահ համակարգում ընդունվում որպես քաղաքական պատվեր, եւ համակարգը լծվում էր քրեական գործեր կարելուն։ Տոտալիտար համակարգի զվարճալի ու ողորմելի պատկեր։

Եվ ողջ այդ ընթացքում, ավելի քան կես տարի, տեսախցիկների ու բարձրախոսների հանդեպ հոգեկան թուլություն ունեցող Փաշինյանն ամենուր եւ անդադրում, խազ ընկած ձայնապնակի պես խզզում էր, թե «ձեւ չկա»` Գարեգին II Վեհափառը պետք է հեռանա (Փաշինյանի հետեւորդների շարքերից էլ մի «խոճկորիկ» քանի ամիս մարգարեանում էր, թե Վեհափառի գահակալությանը «հաշված ժամեր են մնացել»)։ Երեկ էլ Փաշինյանը նորից տեսախցիկ էր նկատել, վազել դիրքավորվել եւ ձայնապնակային խզզոցը միացրել Վեհափառի հասցեին։ Բայց․․․ այս անգամ Փաշինյանը նոր ձայնապնակ էր դրել, թե ճգնաժամը Եկեղեցում կշարունակվի այնքան, քանի դեռ գահակալը Գարեգին II Վեհափառն է։

Այս նոր ձայնապնակը երկու իրողություն է նշանավորում։ Առաջին, Փաշինյանի բացակա գիտակցությանը հասել է, որ Վեհափառը չի հեռանալու, Փաշինյանին եւ մնացյալ ուսապարկերին որեւէ ուշադրության չի արժանացնելու եւ անխռով ու հաստատուն դեռ տասնամյակներ շարունակելու է գահակալել։ Երկրորդ․ Փաշինյանը, ինչպես ցանկացած հոգեկան խանգարվածությամբ անձ, շարունակելու է իր անգիտակից մտասեւեռման գերին մնալ եւ ամեն ջանք գործադրելու է՝ Եկեղեցու կյանքին միջամտելու համար։ Եթե Վեհափառը չի հեռանալու, Փաշինյանն էլ շարունակելու է իր նզովյալ գոյությունն ու ընթացքը, այդ դեպքում ինչպե՞ս է հանգուցալուծվելու Փաշինյանի խառնակչական գործունեությունը Եկեղեցու շուրջ։

Հանգուցալուծվելու է Փաշինյանի՝ ասպարեզից հեռանալով։ Փաշինյանը կարծես վերջապես գիտակցել է, որ Եկեղեցու հետ դիմակայությունում վերացողն ու ասպարեզից հեռացողը լինելու է ինքը։ Եթե ներկա խելապակաս ընթացքը շարունակի, գուցե նույնիսկ զսպաշապիկ հագցրած եւ պատգարակի վրա հեռանա, շտապօգնության մեքենայով։ Ամեն պարագայում, դժվար է հավատալ, թե այս խանգարված հոգեվիճակով եւ անմիտ արարքներով Փաշինյանը 2026-ի ընտրություններին կհասնի վարչապետի պաշտոնում կամ ազատության մեջ։

Սակայն Փաշինյանից ավելի վաղ, ավելի մեծ խելամտությամբ եւ հեռատեսությամբ, այսօր ասպարեզը թողնելու քայլ կատարեցին մի խումբ եպիսկոպոսներ, որոնց հանրությունը կնքել է «մի խումբ կճոյաններ» անվանումով։ Սրանք այն հոգեւորականներն են, որոնց ստորագրությունները շանտաժով ձեռք է բերել ՔՊ-ն եւ Փաշինյանի կանտորայում կամ ՔՊ-ական ուսապարկերի սենյակներում գրվող տեքստերի ներքո դնելով՝ ՔՊ քարոզչամիջոցներով տարածում է։ Այդ անձինք զգացին, հավանաբար, որ իրենց հանրային խայտառակությունը չի կարող այլեւս շարունակվել, եւ գնացին վճռական քայլի՝ հայտարարելով, թե գնում են Սուրբ Էջմիածին՝ ցույցի։ Պարզ էր, որ «մի խումբ կճոյաններ»-ի կողքին ո՛չ աշխարհիկ, ո՛չ հոգեւոր հանրություն չկա, եւ միայնակ, մերժված ու անճար կանգնելով Մայր Աթոռի տարածքում՝ «կճոյանները» տեսանելի եւ մեկընդմիշտ կբացատրեն, որ Վեհափառի դեմ Փաշինյանի խելապակաս անձնական պայքարում իրենք հարմար միջոց ու «գործակալ» չեն, իրենց վրա թող հույս չդնեն։

Այդպես էլ եղավ։ Հուսանք՝ Փաշինյանը, ԱԱԾ-ն ու ՔՊ-ականներն այլեւս «մի խումբ կճոյաններին» հանգիստ կթողնեն։ Վեհափառն էլ իր անպատկերացնելի մեծահոգությամբ ու վեհասրտությամբ «կճոյաններին» առայժմ չի պատժել եւ նույնիսկ թույլ է տալիս կանոնիկ դաշտ վերադառնալ։ Հիմա հետաքրքիրը միայն այն է, թե «կճոյանների» մեծամասնությունն ինչպես է դա անելու։