27/12/2025

Երկաթգիծ վերականգնելը Փաշինյանի հունարի բանը չէ

Նիկոլ Փաշինյանը, դեկտեմբերի 25-ին կառավարությունում անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ ունեցած քննարկումներին եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի երկաթուղային  հաղորդակցության վերականգնմանը, հայտարարեց․ «Մենք կարեւոր ենք համարում այս փուլում Տավուշի հատվածում՝ մինչեւ «Իջեւան» երկաթուղային կայարանը ներառյալ, վերականգնման աշխատանքներ իրականացվեն։

Հրապարակ թերթը գրել է․ Նաեւ Հայաստան-Թուրքիա սահմանից մինչեւ Ախուրիկ գործող երկաթուղային հատվածը վերականգնվի, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան Նախիջեւանի սահմանից մինչեւ Երասխ վերականգնման աշխատանքներ իրականացվեն»։

Եվ պնդեց, որ ՌԴ գործընկերներն այդ աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն։ Բայց ոշագրավ է, որ երկաթուղու հատվածների վերականգնման հստակ ժամկետներ չհայտնեց, միայն հույս հայտնեց, որ նման աջակցություն կլինի ՌԴ-ից։ Ակնհայտ է, որ Փաշինյանն ինքն էլ է թերահավատ, այլապես չէր  հայտարարի․ «Եթե հանկարծ դրա հետ կապված որեւէ խոչընդոտ լինի, որեւէ այլ հարց առաջանա, քանի որ գիտենք, որ այդ հատվածները ռուսական կոնցեսիայի ներքո են, ես նաեւ արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները ետ վերցնել կոնցեսիայից, եւ մենք պետական բյուջեի մեր միջոցներով այդ վերականգնումները կիրականացնենք, եթե հանկարծ պարզվի, որ ՌԴ-ն այդ աշխատանքներն իրականացնելու հետ կապված որեւէ խնդիր է տեսնում»։

Որքանո՞վ է իրական, որ ՀՀ կառավարությունը կարող է ետ վերցնել կոնցեսիան եւ ՀՀ պետբյուջեի հաշվին երկաթուղին վերականգնել։ 2008թ․ փետրվարի 13-ին Երեւանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի եւ ՀՀ-ի միջեւ կնքվել է կոնցեսիոն պայմանագիր՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարմանը հանձնելու մասին։ Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, 20 տարվա աշխատանքից հետո 10 տարի երկարաձգելու` պռոլոնգացիայի իրավունքով՝ կողմերի համաձայնությամբ։ 30 տարով` մինչեւ 2038 թ. հավատարմագրային կառավարման հանձնված երկաթուղու ինչ-որ հատվածներ ինչպե՞ս կարող են դուրս բերվել կոնցեսիայից։ Դրա համար ռուսական կողմի համաձայնությունն է հարկավոր, իսկ Ռուսաստանի իշխանությունն ինչո՞ւ պետք է հրաժարվի Հայաստանն Ադրբեջանին ու Թուրքիային կապող  երկաթգծի կոնցեսիոն կառավարման իրավունքից։

Զուտ տեսականորեն ընդունեք, որ ռուսական կողմը համաձայնել է, բայց Փաշինյանի իշխանությունն անցած 7,5 տարում չի իրականացրել խոշոր կամ միջին որեւէ ծրագիր, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում: Միայն Հայաստանի ճանապարհների կոսմետիկ ասֆալտապատում են արել։ Հիշենք Հյուսիս-Հարավ ճանապարհի ձախողված, չարչրկված ծրագիրը, հայտարարված, սակայն չիրականացված Սեւան-Դիլիջան ավտոմոբիլային նոր թունելի շինարարությունը, Կապսի ջրամբարը:

Նույնիսկ 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղի հետեւանքով Դեբեդի գետափնյա քանդված շատ հատվածների վերականգնումն իրականացրել է ՀԿԵ-ն, իսկ Տավուշում վարարած Աղստեւի քանդած` Դիլիջան-Իջեւան հատվածի ավտոճանապարհի եզրերից 10 կտոր մինչ օրս վերականգնված չէ։ Իջեւանի երկաթգիծը 35 տարի չի գործում, ռելսերը եւ մյուս մասերը թալանված են, դրանց վերականգնումը հեշտ գործ չէ։ Հաղարծին գյուղի մոտ սողանքի գոտի կա, որը երկաթուղու մի հատված քանդել է, դրա վերականգնումը տեխնիկական, ինժեներական բարդ լուծումներ է պահանջում։ Մի խոսքով՝ դա ՀՀ կառավարության հունարի բանը չէ։ Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի խոսքը գործ չի դառնալու։