Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը ընդունել «Ռուսական, սլավոնական և կազակական կազմակերպություններ միության» նախագահ, խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Սերգեյ Պոնոմորևին:
Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Պոնոմորևը Ղազախստանի նախագահին տեղեկացրել է ռուս և ռուսախոս բնակչության շրջանում երկրի պետական լեզվի՝ «որպես ազգային ընդհանրության և ղազախստանյան ինքնության գլխավոր միջոցի, տարածման գործընթացի մասին»:
Իր հերթին Կասիմ Ժոմարթ Տոկաևը շեշտել է, որ հանդիսանում է ոչ միայն երկրի նախագահ, այլև գլխավորում է «Ղազախստանի ժողովուրդների միությունը»: Նա ընդգծել է, որ «Արդար Ղազախստան» հայեցակարգը, որ կգործի մինչև 2030 թվականը, կառուցված է առաջին հերթին երկրում «միջէթնիակական համերաշխության ամրապնդման ու զարգացման տեսլականի վրա»:
Ղազախստանի նախագահը երկրի ապագան պայմանավորել է «միասնություն՝ ազգային բազմազանության ներդաշնակության միջոցով» ծրագրի հաջողությամբ:
Ռուսաստանի հետո, ամենայն հավանականությամբ, Ղազախստանը հետխորհրդային տարածքի ամենաբազմազգ, բազմադավան և բազմամշակութային երկիրն է, որտեղ, սակայն, թվաքանակով ամենամեծը ռուս և ռուսախոս բնակչությունն է:
Ընդ որում, այդ բնակչությունը հիմնականում ապրում է Ռուսաստանի հետ սահմանակից տարածքներում: Կասիմ Ժոմարթ Տոկաևը երկրի «ռուսական համայնքի առաջնորդ» Պոնոմորևին ընդունել է կրեմլյան քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի կողմից Հայաստանում և Կենտրոնական Ասիայում «հատուկ ռազմական գործողության անհրաժեշտության» մասին հայտարարությունից հետո: Մինչ այդ նա երկրի պաշտպանունակության բարձրացման հարցով հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ:
Ուշագրավ է, որ Կենտրոնական Ասիայում «հատուկ ռազմական գործողության» թեման Ռուսաստանի պետական հեռուստաեթերում հնչել է տարեվերջին Կրեմլում Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո:
Այդ առթիվ Աստանայում ընդգծված դժգոհություն է արտահայտվել, հնչել է նույնիսկ Նազարբաևի «արտասահմանյան ուղևորությունները սահմանափակելու» առաջարկություն:
Ղազախստանի «ռուսական համայնքի առաջնորդի» հետ նախագահ Տոկաևը հանդիպումը և այդ մասին պաշտոնական տեղեկատվությունը հստակ ցույց են տալիս, որ պաշտոնական Աստանան Վլադիմիր Պուտինի հավանական «ագրեսիայի» դեմ կանխարգելիչ ծրագիր ունի:
Շեշտադրելով, որ Ղազախստանը «միասնական է ազգային բազմազանությամբ», Տոկաևը Կրեմլին «հորդորում է ձեռնպահ մնալ այդ միասնությունը տրոհելու փորձից»:






Բաց մի թողեք
Եվրոպան ցանկանում է «խուսափել Գրենլանդիայի շուրջ ցանկացած սրացումից» ԱՄՆ-ի հետ, ասում է Ֆրիդրիխ Մերցը
Հազարավոր մարդիկ մասնակցում են Դանիայում անցկացվող «Ձեռքերը հեռու Գրենլանդիայից» բողոքի ցույցերին
Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը մտահոգված են Իրանում տեղի ունեցող զարգացումներով․ Զեկույց