26/03/2026

EU – Armenia

Ե՞րբ և ինչպե՞ս կավարտվի պատերազմը․ Իրանը մերժեց ԱՄՆ-ի բանակցությունները

Իրանական PressTV հեռուստաընկերությունը տարածել է անանուն պաշտոնյայի հայտարարությունը, ըստ որի՝ Միացյալ Նահանգների կողմից ներկայացված տասնհինգ կետանոց առաջարկությունները «չափից դուրս և ռազմաճակատի իրականությունից կտրված» են:

Ըստ այդմ, Թեհրանը միջնորդներին փոխանցել է, որ պատերազմը «կդադարի այն ժամանակ, երբ Իրանը կորոշի, որ այն պետք է ավարտվի և ոչ թե այն ժամանակ, երբ Թրամփը կառաջարկի այն ավարտել»:

Վկայակոչելով լիբանյան «Հըզբալա» խմբավորման հետ կապված տեղեկատվական աղբյուրներ, իսրակելական vesty-ն ներկայացրել է պատերազմը դադարեցնելու իրանական կողմի հետեւյալ նախապայմանները՝ ագրեսիայի և սպանությունների լիակատար դադարեցում, պատերազմի վերսկսումը բացառում երաշխիքների տրամադրում, պատերազմական վնասների և ռազմատուգանքի երաշխավորված որոշակի վճարում, ամբողջ տարածաշրջանի բոլոր ճակատներում պատերազմի դադարեցում, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխան կառավարման միջազգային ճանաչում և անվտանգության երաշխիքներ:

Ավելի վաղ հայտնի է դարձել Իրանին Միացյալ Նահանգների ներկայացրած նախապայմանների ընդհանուր պատկերը: ԱՄՆ-ը պահանջել է միջուկային երեք կենտրոնների փակում, հրթիռային ծրագրի կրճատում, տարածաշրջանում պրոսքի կառույցների աջակցության դադարեցում և Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության ապահովում:

Իրանը փաստացի ամերիկյան նախապայմաններից և ոչ մեկը չի ընդունել, եթե, իհարկե, իրանական հեռուստաընկերության տարածած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Իսկ այդ հարցում, կարծես, ուղղորդող հայտարարություն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ըստ որի՝ ԱՄՆ-ը Բուշերի ատոմային էլեկտրակայանի հետ կապված «ոչ մի երաշխիք չի տալիս», թեև Մոսկվան «ամեն անգամ այդ առթիվ կրիտիկական մտահոգություններ է ներկայացնում»:

Պեսկովի այս բացահայտումը վկայում է, որ Ռուսաստանը որոշ առումով ներգրավված է Իրանում պատերազմն ավարտելու հարցով բանակցություններ կազմակերպելու քննարկումներին և արդեն իսկ իրազեկված է, որ Թեհրանը Վաշինգտոնի «կապիտուլյացիոն նախապայմանները մերժել» է:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը փաստացի խոստովանել է, որ տեղյակ է բանակցություններ չկայանալու դեպքում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ նոր և ավելի խորտակիչ ուժի հարվածներ հասցնելու ամերիկյան ծրագրին, փորձել է իր տեխնոլոգիաներով կառուցված աէկի անվտանգության երաշխիքներ ստանալ, բայց ստացել է մերժում:

Կարճաժամկետ կոնյունկտուրայի առումով Ռուսաստանը Իրանի դեմ պատերազմից իր շահն արդեն ստանում է՝ մեծացնելով նավթի վաճառքի ծավալները: Բայց եթե Բուշերի ատոմային էլեկտրակայանը ենթարկվի հրթիռային հարձակման, ապա Ռուսաստանը ոչ միայն տասնյակ միլիարդավոր դոլարի ֆինանսական, այլեւ ահռելի վարկանիշային կորուստ կունենա:

Մեկ լրջագույն հարված Ռուսաստանն արդեն իսկ ստացել է. Իսրայելը գրեթե լիովին ոչնչացրել է իրանական Էնզելի նավահանգիստը, որ ապահովում էր ռուս-իրանական ռազմավարական նշանակության բեռնափոխադրումների մեծ մասը:

Բուշերի ատոմային էլեկտրակայանի ոչնչացումը ռուս-ամերիկյան հարաբերությունները «սառը գործընկերային» բնույթից կվերադարձնի «ակտիվ դիմակայության» ռեժիմի: