«Թեև համապետական ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է մայիսի 8-ից և կտևի մինչև հունիսի 5-ը, այնուամենայնիվ, քաղաքական գործընթացները փաստացի արդեն ակտիվ փուլում են։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հանդիպումներ են անցկացնում քաղաքացիների հետ Երևանի տարբեր հատվածներում՝ նախարարների և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ։
Հանդիպումների ընթացքում բարձրաձայնվում են քաղաքացիների խնդիրներ, տրվում են հանձնարարականներ, քննարկվում հնարավոր լուծումներ, ինչը հանրային ընկալմամբ ստեղծում է վաղ մեկնարկած քարոզչության տպավորություն։
Առաջանում է հարց՝ արդյոք նման ակտիվությունը կարող է դիտարկվել որպես նախընտրական քարոզչություն կամ վարչական ռեսուրսի կիրառում, հատկապես այն պարագայում, երբ գործընթացում ներգրավված են պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ։
ArmLur.am-ը դիմեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պարզաբանում ստանալու համար։ ԿԸՀ-ից պատասխանեցին․
«Մեր կողմից վերահսկվում է բացառապես նախընտրական քարոզչության ժամանակահատվածը։ Դա ընդունված է համարել սահմանափակումների շրջան, որովհետև օրենքով որոշակի գործառույթներ կան, որոնք սահմանափակված են։
Օրինակ՝ այդ ժամանակահատվածում քաղաքական ուժերը մեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն են ներկայացնում իրենց ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև հունիսի 6-ին՝ քվեարկության նախորդ օրը, քարոզչություն չի կարելի իրականացնել։
Հենց այդ պատճառով էլ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը անվանում ենք սահմանափակումների շրջան։ Մնացած ժամանակահատվածում ցանկացած կուսակցություն կամ քաղաքական միավոր ազատ է իրականացնել իր գործունեությունը, և դա որևէ կերպ ԿԸՀ-ի հետ կապ չունի»։
ԿԸՀ նախագահի՝, իսկ ավելի կոնկրետ՝ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի այս դիրքորոշումը փաստացի ցույց է տալիս, որ մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը քաղաքական ակտիվությունը չի ենթարկվում այն վերահսկողական մեխանիզմներին, որոնք կիրառվում են նախընտրական փուլում։ Միևնույն ժամանակ, երբ հանրային հանդիպումներին մասնակցում են պետական պաշտոնյաներ, և տեղում բարձրացված խնդիրների մասով հնչում են հանձնարարականներ, առաջանում է հարց՝ արդյոք ապահովվում են մրցակցային հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար։
Ընտրական գործընթացների նկատմամբ վստահության տեսանկյունից կարևոր է ոչ միայն իրավական սահմանափակումների պահպանումը, այլ նաև վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման բացառումը։ Մասնագետները բազմիցս ընդգծել են, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին պետք է հստակ տարանջատված լինի նրանց պաշտոնեական լիազորություններից, որպեսզի բացառվեն անհավասար մրցակցության վերաբերյալ կասկածները։
Այս պայմաններում ձևավորվում է իրավիճակ, երբ քարոզարշավը իրավական առումով դեռ չի սկսվել, սակայն քաղաքական գործընթացը փաստացի արդեն ընթանում է՝ առանց այն վերահսկողական գործիքների, որոնք գործում են պաշտոնական ժամանակահատվածում։ Արդյունքում, վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ հարցերը շարունակում են գոյություն ունենալ»։
«Ժողովուրդ» օրաթերթի մարտի 31-ի համարում տպագրվել է հոդված՝ «Քարոզարշավը մեկնարկել է, բայց ԿԸՀ-ն անկարող է վերահսկել» վերտառությամբ հոդված, որը արտատպվել է մի շարք ԶԼՄ-ներում։
ԸՍՏ ԿԸՀ հայտարարության՝ հոդվածում տեղ գտած պնդումը անհիմն է և, հավանաբար, ՀՀ օրենսդրությունից անտեղյակ լինելու արդյունք է։
«Հարկ է նշել, որ ՀՀ ԿԸՀ-ն ԵԽ երևանյան գրասենյակի հետ համատեղ երեք օր առաջ՝ մարտի 28-29-ը, իրականացրել է երկօրյա աշխատաժողով ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Լրագրողներին մանրամասն ներկայացվել է օրենսդրությունը, այդ թվում՝ ինչպես է կարգավորվում նախընտրական քարոզչությունը, վերահսկողությունը, լուսաբանումը։ Հոդվածի հեղինակը ևս մասնակցել է աշխատաժողովին։
Հերթական անգամ հիշեցնում ենք, որ նախընտրական քարոզչությունը կարգավորվում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 19-ից 23-րդ հոդվածներով։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը Ընտրական օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) և թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են Ընտրական օրենսգրքով սահմանված կանոնները՝ հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար:
2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների պարագայում նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը։ Քվեարկության նախորդ օրը՝ հունիսի 6-ին, և քվեարկության օրը՝ մինչև 20։00-ը, նախընտրական քարոզչությունն արգելվում է։ Մնացած ժամկետներում քաղաքական ուժերը, քաղաքական գործիչներն ազատ են իրականացնել քարոզչություն։
Ընտրական օրենսգրքով հատուկ սահմանված է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:
Կրկնում ենք՝ մինչ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ցանկացած քաղաքական ուժ կարող է իրականացնել քարոզչություն, հանդիպել քաղաքացիների հետ, շրջել Հայաստանի բնակավայրերում և անել ցանկացած գործողություն, որն արգելված չէ ՀՀ օրենսդրությամբ։
Հիշեցնում ենք նաև, որ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում առաջադրման ժամկետը ապրիլի 13-23-ն է, գրանցման վերջնաժամկետը՝ մայիսի 3-ը։
ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք ԱԺ ընտրությունները լուսաբանելիս առաջնորդվել «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի» կարգավորումներով, ԿԸՀ-ի դերի և գործառույթների մասին ապատեղեկատվություն չտարածել»,- ասվում է ԿԸՀ հայտարարության տեքստում:

Բաց մի թողեք
Մի համեստ առաջարկ
Իշխանությունը մատնում է՝ որ ուժերն են իր մրցակիցները` պետք է դրանով առաջնորդվել
Դատավորը սպանության մեջ մեղադրվողին ազատել է կալանքից` տնային կալանք տալով