29/07/2026

EU – Armenia

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ազդարարեց Khachaturian Rooftop-ի հանդիսավոր բացումը․ Լուսանկարներ

«Արամ Խաչատրյան» համերգասրահի պատմության մեջ գրանցվեց նոր էջ․ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ առաջին անգամ դուրս եկավ ավանդական բեմի սահմաններից՝ հանդիսատեսին ներկայանալով անմիջապես բաց երկնքի տակ։

Հուլիսի 27-ին, «Երևան գալա» համերգով հանդիսավոր կերպով ազդարարվեց համերգասրահի մեծ տանիքի՝ Khachaturian Rooftop-ի բացումը։

Մայրամուտի ոսկեզօծ շողերի ներքո մայրաքաղաքի ամենագեղեցիկ տանիքում հնչեցին Երևանի մասին բոլոր ժամանակների սիրված ու հարազատ երգերը՝ «Գարուն Երևան», «Իմ Երևան», «Երևան, իմ բարի քաղաք», «Երևանի սիրուն աղջիկ» և այլ ստեղծագործություններ։ Հայաստանի առաջին և գլխավոր՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ դրանք ստացան հարուստ սիմֆոնիկ հնչողություն։

Կատարումներն ուղեկցվում էին շքեղ 3D լուսային անիմացիաներով և մեծ էկրանին ցուցադրվող տեսաշարերով, ինչն էլ ավելի տեսարժան ու տպավորիչ դարձրեց այդ յուրահատուկ երեկոն:

Համերգը ղեկավարում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և դիրիժոր Յարոսլավ Բիչկովը։

Ազգային ֆիլհարմոնիկի հետ միասին Khachaturian Rooftop-ում բեմ բարձրացան հայկական բեմի սիրված կատարողները՝ Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Արթուր Աղաջանովը, Գուրգեն Բավեյանը և Ռոման Խնկոյանը։ Երեկոյի հատուկ հյուրն էր սիրված օպերային երգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը:

Khachaturian Rooftop-ի նախագծի գաղափարի հեղինակ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը նշում է, որ դեռևս 5 տարի առաջ տնօրենի կարգավիճակում այս համերգասրահ ոտք դնելուց ի վեր իր գլխավոր նպատակներից է եղել այն, որ մեր երկրի ամենագեղեցիկ և պատմական համերգասրահներից մեկն ամեն առումով համապատասխանի միջազգային բարձր ստանդարտնեի. «Շատ աշխատանքներ արդեն արված են:

Khachaturian Rooftop-ը, կարելի է ասել, համերգասրահի վերջին տարածքն էր, որ դեռևս չէր շահագործվել ի նպաստ մեր հանդիսատեսի և աշխատակիցների: Կարծում եմ, որ Թամանյանն անգամ նախատեսել էր, որ ապագայում նման բան կլինի, քանի որ շենքի ճարտարապետությունն այնպիսին է, որ այս տարածքը պարզապես հնարավոր չէ պարապ թողնել: Վստահ եմ, որ համերգասրահի այս նոր, բացօթյա հարթակում բազում իրադարձային երեկոներ ենք վայելելու»:

Վերջին տարիներին «Արամ Խաչատրյան» համերգասրահն ապրում է իր իսկական վերածնունդը․ իրականացվել են հսկայական բարեփոխումներ, և բազմաթիվ նորամուծություններ են կյանքի կոչվել համերգասրահի տնօրինության նախաձեռնությամբ։

Khachaturian Rooftop-ի բացումն այդ լայնամասշտաբ ծրագրերի կարևորագույն փուլերից մեկն է, որը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին կպարգևի մշակութային նոր ձևաչափի միջոցառումներ վայելելու հնարավորություն։

Համերգն ավարտվեց հանդիսատեսի ջերմ ծափահարություններով՝ դառնալով անկեղծ սիրո խոստովանություն մեր վարդագույն Երևանին։