30/04/2026

EU – Armenia

Ադրբեջանի քաղաքական աջակցությունն Իրանին, որտեղ է Հայաստանը

Տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իրանին ցուցաբերվող մարդասիրական օգնության համար:

Ի պատասխան, Իլհամ Ալիևը խոստացել է այն շարունակել: Մարդասիրական ի՞նչ ծավալի և որակի աջակցություն է Ադրբեջանը ցուցաբերում Իրանին, մանրամասնություններ հայտնի չեն:

Առկա իրավիճակում կարևորը կողմերի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակն է, ինչը վկայում է, որ պատերազմում Բաքվի դիրքավորման հարցով Թեհրանի «մտահոգությունները հիմնականում փարատված» են:

Կարեւոր է նկատել, որ Իլհամ Ալիեւը Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույց է ունեցել նույն օրը, երբ Բաքվում գումարվել է Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների կառավարության ղեկավարների աշխատանքային հանդիպումը: Թուրքիան ներկայացրել է փոխնախագահ Յըլմազը:

Ալիևն ընդունել է բարձրաստիճան հյուրերին և ընդգծել, որ թուրքախոս պետությունները «մի ընտանիք» են: Իրանի հարցում Թուրքիայի դիրքորոշումը հստակ է. Անկարան իսրայելա-ամերիկյան հարձակումը գնահատում է «ապօրինի» և սատարում Իրանի տարածքային ու քաղաքական ամբողջականությանը:

Բաքվի իշխանական լրատվամիջոցները, քննարկելով հետկոնֆլինկտային Իրանի տարածաշրջանային հնարավոր դերակատարությունը, կարևորել են, որ Ադրբեջանը Իրանի հետ «ընդհանուր աշխարհագրություն է կազմում, որ, անկասկած, հետագա հարաբերությունների համար վճռորոշ նշանակություն է ունենալու»:

Շատ կարևոր է, որ ադրբեջանցի փորձագետները քննարկում են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային և «Արաքսի միջանցք» ենթակառուցվածքների «փոխկապակցվածությունը»:

Մի դեպքում խոսքը Ռուսաստան-Իրան-Պարսից ծոց հաղորդակցության, երկրորդ դեպքում Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող ավտոմոբիլային ուղղակի կապի հնարավորության մասին է:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին հարցազրույցում բացահայտել է, որ Ռուսաստանը և Չինաստանը դեպի Եվրոպա բեռնափոխադրումներ կիրականացնեն ոչ թե ԱՄՆ-ի «կողմից վերահսկվող, այլ՝ Իրանի տարածքով»:

Ըստ երևույթին, «Հյուսիս-հարվա» և «Արաքսի միջանցք» նախագծերի «փոխկապակցվածությունը» Օվերչուկի հրապարակայնացրածն է:

Բարդ է ասել, որ պաշտոնական Բաքուն տարածաշրջանի գլոբալ անվտանգության և փոխկապակցվածության հարցում «խաղադրույք է դրել Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմավարական պարտության հավանականության վրա», բայց փաստ է, որ մոտ մեկ ամիս առաջ Թեհրանի հասցեին սպառնալիքներ հնչեցնող Իլհամ Ալիևը այսօր խոստանում է շարունակել մարդասիրական օգնությունը:

Դիվանագիտական լեզվի ենթատեքստով դա նշանակում է պաշտոնական Թեհրանին քաղաքական աջակցություն: