Վրաստանը այն հարթակը չէ, որտեղ այլ երկրները կարող են իրար հետ հաշիվներ պարզել:
Հասկանալի է, որ նման ցանկություն կամ հանձնարարություն կա, ակնհայտ են նաև ԱՄՆ-Իրան ներկայիս հարաբերությունները, բայց կուզենայի բոլորին հորդորել, որ Վրաստանի տարածքը կամ Վրաստանում գտնվելու հանգամանքը չօգտագործեին միմյանց հետ հարաբերություններ պարզելու համար:
Ինչպես հայտնել է վրացական apsny առցանց լրատվամիջոցը, ապրիլի 3-ին մամուլի ներկայացուցիչների համար նման հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
Լրատվամիջոցը «ենթադրել» է, որ հայտարարության հասցեատերը Վրաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Մոջանին է: Վերջինս մարտի 31-ին ասել է, որ Միացյալ Նահանգներին Իրանի դեմ գործողությունների համար իրենց տարածքը տրամադրող բոլոր երկրները «վաղ, թե ուշ ստիպված են լինելու պատասխան տալ»:
Ըստ վրացական լրատվամիջոցի, Մոջանիի հայտարարությունը վրացական հանրային «լայն շրջանակները ընկալել են որպես Վրաստանի դեմ քողարկված սպառնալիք»:
Ըստ apsny-ի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցից հետո «հայտնի է դարձել, որ Թբիլիսիի օդանավակայանում ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռ է վայրէջք կատարել»:
Լրատվամիջոցի տեղեկություններով, այն «իրականացրել է Ռամշտայն-Թբիլիսի թռիչք»: Ռամշտայնը Գերմանիայում ամերիկյան ռազմակայանի տեղաբաշխման վայրն է:
Ըստ երևույթին, Վրաստանում Իրանի դեսպանը նկատի է ունեցել հենց այդ փաստը: Նույն օրը նա հրավիրվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ, ամենայն հավանականությամբ, նրան ասել են այն, ինչ լրագրողների համար հանրայնացրել է խորհրդարանի խոսնակ Պապուաշվիլին:
Իսկ պաշտոնական Թբիլիսին, ըստ այդմ, նպատակադրված է երկիրը «հեռու պահել զինված հակամարտություններից, ինչպես դա անում է Ուկրաինայի պատերազմի դեպքում, ինչպես վարվել է նախկինում»:
Նման դեպքերում, իհարկե, ոչ միայն ձևակերպումները, այլև անհրաժեշտ բառերն են ամենայն բծախդրությամբ ընտրվում, բայց փաստ է, որ տարեսկզբից վրաց-ամերիկյան հարաբերություններում «տեղաշարժ կա»:
Փետրվարի 6-ին, Հայաստան և Ադրբեջան այցից առաջ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը Միլանում հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ:
Իրանի դեմ պատերազմից մեկ ամիս հետո կայացել է Վրաստանի վարչապետ Կոբախիձեի և ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հեռախոսազրույցը, որից հետո Ռամշտայնից ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռի Թբիլիսի թռիչքը, եթե անգամ ոչ մի առնչություն չունի Իրանի դեմ պատերազմի հետ, Թեհրանին չի կարող առնվազն անհանգստություն չպատճառել:
Պետք է հուսալ, որ վրաց-իրանական «միջադեպը» դիվանագիտական շփումների ձեւաչափում կկարգավորվի: Երևում է, Իրանի դեմ ռազմական գործողությունները դեռևս շարունակվելու են:
Առկա իրավիճակում գերխնդիր է, որ Հարավային Կովկասը, իրոք, չվերածվի այլ երկրների «հարաբերություններ» պարզելու հարթակի:

Բաց մի թողեք
Ինչ իրոք էքզիստենցիալ փորձություն կլինի Մուստաֆաևի այցը Հայաստանի համար
Ո՞վ է «մասնատում» տարածաշրջանը, Էրդողանը հասցեագրում չի արել
Ադրբեջանը «Միացյալ Նահանգների հետ նույն ճամբարն է ընտրել»