21/04/2026

EU – Armenia

Ժամանակը՝ մինչև ապրիլի 8. հետո Իրանն այլևս չի ունենա կամուրջներ ու էլեկտրակայաններ, կպայթեցվի ամեն ինչ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հայտարարություն է արել՝ նշելով, որ կհրամայի ջախջախիչ հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը համաձայնագիր չկնքի:

Թրամփն Իրանին ժամանակ է տվել մինչև ապրիլի 8-ը, առավոտյան ժամը 4:00-ը, որից հետո, նրա խոսքով, Իրանում այլևս չեն լինի կամուրջներ և էլեկտրակայաններ:

«Ամեն ինչ կայրվի և կպայթեցվի և այլևս օգտագործման ենթակա չի լինի: Դա տեղի կունենա չորս ժամվա ընթացքում, եթե մենք ուզենք: Մենք չենք ցանկանում, որ դա տեղի ունենա: Մենք պետք է ունենանք համաձայնագիր, որն ընդունելի է ինձ համար: Եվ այդ համաձայնագրով մենք ցանկանում ենք նավթի ազատ փոխադրում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփը նաև դժգոհել է ՆԱՏՕ-ից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից և Ավստրալիայից՝ Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնին չօգնելու համար:

Իրանից արձագանքել են ԱՄՆ նախագահի սպառնալիքներին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը դրանք անվանել է կոշտ հռետորաբանություն, որի նպատակն է արդարացնել ԱՄՆ-ի ռազմական ձախողումները:

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Թրամփի հայտարարությունների, Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածելու սպառնալիքների առնչությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը նշել է՝ Անտոնիու Գուտերեշը հիշեցնում է, որ քաղաքացիական, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքները չպետք է հարվածների ենթարկվեն. դա արգելվում է միջազգային մարդասիրական օրենքով:

Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին 48 ժամ էր տվել ԱՄՆ-ի հետ գործարք կնքելու համար ու սպառնացել, թե հակառակ դեպքում «սարսափելի բաներ տեղի կունենան:

TruthSocial իր սոցիալական ցանցի էջում Թրամփն ավելի ուշ գրառում է կատարել՝ կոչ անելով Իրանին բացել Հորմուզի նեղուցը, այլապես երեքշաբթի օրը կարող են թիրախավորվել էլեկտրակայաններն ու կամուրջները:

«Երեքշաբթին Իրանում կլինի էլեկտրակայանների և կամուրջների օր։ Նման բան երբեք տեղի չի ունեցել։ Բացե՛ք անիծյալ նեղուցը, խելագար ավազակնե՛ր, թե չէ դժոխքում կապրեք։

Փառք Ալլահին»,- գրել էր Թրամփը: