19/04/2026

EU – Armenia

Իրանի դեմ ռազմական գործողություններ կարող է վերսկսել ոչ ԱՄՆ-ն, բայց Իսրայելը

Reuters-ի և CNN-ի պակիստանյան աղբյուրները հաստատել են, որ «նախապատրաստվում է Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների նոր հանդիպում, որ, ամենայն հավանականությամբ, Իսլամաբադում տեղի կունենա արդեն ընթացիկ շաբաթվա վերջին»:

Isrel Inside-ը «պարզել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը կողմերին ներկայացրել է ոչ թե համաձայնագրի նախագիծ, այլ՝ կարգավորման սկզբունքներ, որ, ինչպես հատուկ է չինական դիվանագիտությանը, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից և ՄԱԿ-ի Կանոնադրությունից արտածված ընդհանուր բնույթի սահմանումներ» են:

Այս անորոշության ֆոնին քուվեյթյան «Ալ-Ջարիդա» պարբերականը գրել է, որ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլին «կարող է ներկայացվել տասը կետից բաղկացած համաձայնագրի նոր նախագիծ»:

Ըստ այդմ, առաջարկվում է, որ Իրանը և Միացյալ Նահանգները «ստորագրեն խաղաղության պայմանագիր, Իրանը մաս կազմի տարածաշրջանային անվտանգության ամերիկամետ ճարտարապետությունը, դադարեցվեն Իսրայելի դեմ բոլոր թշնամական գործողությունները»:

Քուվեյթյան լրատվամիջոցի ունեցած տեղեկություններով, առաջարկվում է, որպեսզի «Իրանը տասը տարով սառեցնի միջուկային ծրագիրը, որի ընթացքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը կարտոնվի տեսչական ստուգումներ անցկացնել բոլոր միջուկային օբյեկտներում, իսկ հարստացված ուրանի պաշարները դուրս բերվեն Իրանի տարածքից»:

Ընդ որում, ենթադրվում է «ձևավորել տարածաշրջանի միջուկային կոնսորցիում, որը կվերահսկի Իրանի միջուկային ծրագրի վիճակը»:

Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, ապա «նավագնացությունը պետք է վերականգնվի»: Առաջարկվում է «սահմանել անցումային փուլ, որի ընթացում նեղուցի կառավարումը կիրականացնեն Վաշինգտոնը և Թեհրանը»:

Համաձայնագրի նախագիծը նաև նախատեսում է արտասահմանյան երկրներում Իրանի արգելափակված ֆինանսական միջոցների փուլ առ փուլ վերադարձ, բայց՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության հսկողությամբ եւ պայմանով, որ այդ միջոցները ծախսվելու են միայն տնտեսական վերականգնման նպատակներով:

Որքանո՞վ է այս տեղեկությունը գոնե իրականությանը մոտ, հայտնի չէ: Փաստ է, որ Իսլամաբադի բանակցությունները ապրիլի 11-ին ձախողվել են, քանի որ Իրանը մերժել է միջուկային ծրագիրը քսան տարով սառեցնելու և հարստացված ուրանի պաշարները երկրից դուրս բերելու ամերիկյան պահանջը, ինչպես նաև պնդել, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Հորմուզի նեղուցի նկատմամբ իր բացարձակ իրավազորությունը:

Քուվեյթյան պարբերականի ներկայացրած «համաձայնագրի նախագիծը» այդ երկու սկզբունքային հարցում Իրանի մոտեցումը լրիվությամբ մերժում է:

Փորձագետների մեծ մասը հակված է հուսալ, որ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը կարող է նշանավորվել հրադադարը երկարաձգելու մասին կողմերի համաձայնությամբ, ինչը թույլ կտա դիվանագիտական ջանքերը շարունակել:

Արմատական համաձայնության և համապարփակ կարգավորման հեռանկարը, սակայն, տևական ժամանակ կմնա մշուշոտ: Բացառված չէ, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ կարող է վերսկսել Իսրայելը:

«Մոսադի» տնօրեն Դավիթ Բեռնեան, որ մոտ ապագայում կթողնի պաշտոնը, ապրիլի 14-ին հայտարարել է, որ «այաթոլլաների ռեժիմի տապալումը շարունակում է մնալ էքզիստենցիալ խնդիր, որի լուծումը միայն կերաշխավորի հրեական պետության կայուն և տևական անվտանգությունը»: