Անցյալ շաբաթ Մոնակոյում բնակվող ռուսաստանցի նախկին հաղորդավար-դերասանուհի Վիկտորյա Բոնյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել, որտեղ քննադատել է նրա շրջապատի չինովնիկներին, ովքեր «թաքցնում են իրականությունը»:
Բոնյան Պուտինին ասել է, որ «ժողովուրդը վախենում» է նրանից: Նա խոսել է մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումներից: Կրեմլի մամուլի քարտուղար Պեսկովը, առանց նշելու Բոնյային, ի պատասխան ասել է, որ «այդ գրառման մեջ նշված փաստերը ուշադրության կենտրոնում» են: Բոնյային կոպիտ քննադատության է ենթարկել կրեմլյան քարոզիչ Սոլովյովը:
Թվում էր, ամեն ինչ «ժանրի կանոններին համապատասխան» է, Ռուսաստանից հեռացած նախկին դերասանուհին «քննադատում» է Պուտինին, Կրեմլը դա «ի գիտություն է ընդունում», իշխանության քարոզիչը «մերկացնում են Բոնյայի իմպերիալիստական էությունը», հանրությունը մի փոքր «զվարճանում» է, իսկ իրական քաղաքականությունը՝ մնում նույնը կամ՝ փոխվում այնպես, ինչպես ծրագրում է Վլադիմիր Պուտինը:
Պարզվում է, Բոնյայի զգուշացումը բավական լուրջ է: «Դոյչե վելլե»-ի ռուսական ծառայությունը հայտնել է, որ պետական դումայի կոմունիստական խմբակցության ղեկավար Գենադի Զյուգանովը իշխանություններին ոչ միայն հիշեցրել է Բոնյայի ինստագրամյան գրառումը, այլև ընդգծել, որ Ռուսաստանի տնտեսությունը փլուզվում է, արդեն «հասել է անկման հատակին»:
Զյուգանովը հայտարարել է, որ կոմունիստները «լիովին պաշտպանում են Պուտինին», բայց եթե կառավարությունը սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու ուղղությամբ վճռական բարեփոխումներ չիրականացնի, ապա աշնանը «երկրին սպառնում է այն, ինչ տեղի է ունեցել 1917 թ.-ին»:
«Հոգատար թագավոր-անպիտան բոյարներ» մանտրան Ռուսաստանի քաղաքական պատմության անբաժան ուղեկիցն է և հանրային կարծիք է ձևավորել նույնիսկ խորհրդային դարաշրջանում:
Այնքան, որ գնդակահարության «պատի տակ» կանգնած մարդիկ «կեցցե ընկեր Ստալինը» բացականչությամբ են ընդունել մահը: Ըստ երևույթին, տնտեսական կոլապսի եզրին կանգնած և ուկրաինական պատերազմից պատվավոր ելքի փնտրտուքի մատնված Ռուսաստանում որոշել են «կառավարության գլուխը թռցնել»:
Ամենայն հավանականությամբ, պետական դումայի ընտրությունների քարոզչությունը կկառուցվի «արմատական փոփոխությունների անհրաժեշտության» նարատիվի վրա: Եթե, իհարկե, ավելի լուրջ խնդիրներ չծագեն, և Պուտինը Միշուստինի «թիմը» չհեռացնի ավելի վաղ:

Բաց մի թողեք
ԱՄՆ-ը կհայտարարի պատերազմից դուրս գալու մասին և «սուտ գործը» կթողնի Նաթանյահուի ուսերին
Եվրամիութան և Ադրբեջանի հարաբերությունները մնում են բարդ
Թրամփը Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների «առջև դժոխքի դարպասները փակել» է