Արմավիրի մարզպետի նախկին տեղակալ՝ ՀՀԿ-ական Մովսես Քարտաշյանն ազատ է արձակվել։ Նրան դատարանը կալանավորել էր 25-ի դեկտեմբերի 30-ին։ Քարտաշյանը 2025-ի ամռանն էլ էր ձերբակալվել` Սրբազան պայքարի գործով։
«Հրապարակ»-ի տեղեկություններով. Նախկին պաշտոնյան այս անգամ անցնում է «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանի հետ նույն գործով` Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների հետ կապված։
Քարտաշյանի մեղադրանքում գրված է․ «ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրության շրջանակներում օժանդակել է «Հայրենիք» կուսակցության՝ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում տարածքային շտաբի պետ ներկայացած Խաչիկ Սամվելի Գալստյանին, նույն կուսակցության ավագանու անդամի թեկնածու Արամ Ղազարոսի Քոչարյանին եւ ինքնությունները դեռեւս չպարզված պատասխանատու այլ անձանց կողմից կուսակցության օգտին քվեարկելու համար՝ ընտրելու իրավունք ունեցող համայնքի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելուն եւ խոստանալուն»։
Մովսես Քարտաշյանի պաշտպան Արտակ Նավասարդյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ իր պաշտպանյալն ազատության մեջ է․ «Կալանքի տակ է եղել, հետո վերաքննիչը փոխել է կալանքը տնային կալանքով, դրանից հետո տնային կալանքը երկարացնելու համար դիմել էր նախաքննական մարմինը, կիրառվել է վարչական հսկողություն»։
Քարտաշյանի ու եւս 3 անձանց՝ Լուսինե Թովմասյանի, Սիլվա Աղասյանի եւ Ռուզաննա Թոսունյանի մասն առանձնացված է մայր գործից, այս դրվագով բոլոր մեղադրյալներն ազատության մեջ են։ «Մեղադրանքը չեն ընդունում, գործով բազմաթիվ վկաներ կան, առավելապես՝ Էջմիածնի բնակիչներ։
Որոշակի «ճնշումներ» տեղի են ունեցել, նախաքննական մարմնի համար բարենպաստ ցուցմունքներ տված անձանց նկատմամբ մեղմ խափանման միջոց է կիրառվել, իմ պաշտպանյալ Լուսինե Թովմասյանն ընդհանրապես ցուցմունք չի տվել, դրա համար ի սկզբանե տնային կալանքի տակ է եղել, ապա փոխվել է, եւ իր խնամքի տակ անչափահաս երեխա կա։ Չեմ կարող ասել` ովքեր են զղջացել, քանի որ նախաքննությունը շարունակվում է»։
Ըստ պաշտպանի՝ խոսքը 50 հազարական դրամ վճարելու մասին է․ «Խոսք է գնում 50 հազար դրամի մասին, մեծամասնությունը պնդում է, որ դա աշխատանքի համար պետք է լիներ, քարոզչություն իրականացվեր, դա պետք է լիներ աշխատավարձ, նախաքննական մարմինը դիտարկում է ոչ թե աշխատավարձ, այլ՝ ընտրակաշառք․ խոսքը 2 միլիոն դրամից ավելի գումարի մասին է»։

Բաց մի թողեք
Որտե՞ղ են համընկնում Փաշինյանի եւ Զելենսկու ղեկավարների կերպարները, ինչո՞վ են նրանք նման
Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն
Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր