05/05/2026

EU – Armenia

Մելոնին Երևանում քննադատել է Թրամփին

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին կոչ է արել Եվրոպային ամրապնդել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ ռազմական ներկայության հնարավոր կրճատման ֆոնին։ Սա Իտալիայի վարչապետի մեկնաբանությունն էր նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների վերաբերյալ՝ Իտալիայից և Իսպանիայից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման վերաբերյալ։

Այս մասին նա հայտարարել է Երևանում։

«Տեսեք, չեմ կարող ասել, թե ապագայում ինչ կլինի։ Ինչպես բազմիցս ասել եմ, մենք գիտենք, որ ԱՄՆ-ն վաղուց է քննարկում Եվրոպայում իր ներկայության հնարավոր կրճատման հարցը։ Ահա թե ինչու ես կարծում եմ, որ մենք պետք է ամրապնդենք մեր սեփական անվտանգությունը և զարգացնենք մեր կարողությունները՝ անկախ արձագանքելու համար», – ասել է Մելոնին լրագրողներին Երևանում՝ Ադրբեջան մեկնելուց առաջ։

Նա, սակայն, ընդգծել է, որ նման որոշումները իրենից կախված չեն։ «Բայց ես ուզում եմ մի բան հստակ ասել. Իտալիան միշտ կատարել է իր պարտավորությունները։ Իտալիան միշտ հարգել է ստորագրված բոլոր համաձայնագրերը», – հայտարարել է Իտալիայի վարչապետը։

Նրա խոսքով, իր երկիրը հետևողականորեն գործել է ՆԱՏՕ-ի շրջանակներում, այդ թվում՝ մասնակցելով Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին, «նույնիսկ այն դեպքում, երբ դա ուղղակիորեն չի ազդել ազգային շահերի վրա»։

Այս առումով Մելոնին Թրամփի Իտալիայի մասին որոշ հայտարարություններ անվանել է «անտեղի»։

Հիշեցնենք, որ Թրամփը նախկինում նշել էր Իտալիայից և Իսպանիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հնարավորության մասին։ «Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան սարսափելի է եղել, բացարձակապես սարսափելի», – ասել է Թրամփը՝ մեկնաբանելով երկրների դիրքորոշումները Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։