13/05/2026

EU – Armenia

Տասնյակ դպրոցներում այս տարի վերջին զանգ չի հնչի

Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի՝ մայիսի 22-ին, վերջին զանգ չի հնչի։ Պատճառը շրջանավարտների բացակայությունն է: Նման խնդիր առկա է հատկապես սահմանամերձ համայնքերում:

Հրապարակ թերթը գրել է․ Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզի որոշ գյուղական համայնքների դպրոցներում այս տարի շրջանավարտներ չեն լինի։ «Մարզում 124 հանրակրթական դպրոցից 8 դպրոց ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ է գտնվում, մնացած 115-ը մարզային ենթակայության դպրոցներ են: ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներում 12-րդ դասարան կավարտի 543 շրջանավարտ, մարզային դպրոցներում՝ 1121 շրջանավարտ: 9-րդ դասարանի շրջանավարտները 2 հազար 614-ն են, որից 25 շրջանավարտ՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայութան տակ գտնվող դպրոցներում, 2 հազար 589-ը՝ մարզային: 2 դպրոց՝ Անտառամեջի միջնակարգ դպրոցը եւ Ազատի հիմնական դպրոցը, ընդհանրապես այս տարի շրջանավարտ չունեն: 12-րդ դասարանի շրջանավարտներ չկան մարզի 5 դպրոցում՝ Անտառամեջի, Ջաղացաձորի, Կախակնի, Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղի միջնակարգ դպրոցը: 1-ական շրջանավարտ ունենք Ծաղկաշենի, Լճավանի, Ծափթաղի, Կալավանի, Շատվանի, Սոքթի եւ Շողակաթի դպրոցներում»,- մեզ հետ զրույցում ասաց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը:

Նրան հարցրինք՝ մարզում այս պահին քանի՞ կրթահամալիր է կառուցվում։ «7 կրթահամալիրներում այս պահին շինարարություն է գնում՝ Արփունք, Փոքր Մասրիկ, Կախակն, Շատվան, Մադինա, Արեգունի»: 7 կրթահամալիր են կառուցում, որ 15 դպրոց սեպտեմբերին փակե՞ն։ «Այս պահի դրությամբ նման բան չեն քննարկում: Երբ կրթահամալիրները գործեն, նոր այն ժամանակ կհասկանանք»:

Ազատ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Վարդան Ներսեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տարեցտարի աշակերտների թիվը նվազում է. «Այս տարի մենք շրջանավարտ չունենք, անցած տարի 1 աշակերտ է 9-րդ դասարանն ավարտել: Այս պահին դպրոցը 6 աշակերտ ունի: Տարեցտարի աշակերտների թիվը նվազեց: Դպրոցը կփակվի, մնացած մի քանի աշակերտներն էլ կգնան հարեւան Շատվանի կրթահամալիր»: Ինչո՞վ է պայմանավորված աշակերտների նվազումը, մարդիկ հեռանո՞ւմ են գյուղից։ «Պատճառներն ընդհանուր են, որը բոլորիս հայտնի է»:

Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 25 աշակերտ, դպրոցն այս տարի շրջանավարտ չունի: Տնօրեն Արթուր Ազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անցած տարի դպրոցն ունեցել է 1 շրջանավարտ է, այս տարի կփակվի, կմիանա Դպրաբակի դպրոցին: