13/05/2026

EU – Armenia

ԴՕԿ-ը որոշել է տարբերվել բոլորից՝ քարոզարշավ չանելով

Երեկ պարզեցինք, որ ԱՄՆ միգրացիոն բանտում գտնվող Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցությունը, որն առաջադրվել է եւ կմասնակցի հունիսի 7-ի ընտրություններին, դեռ քարոզարշավը չի սկսել։

Հրապարակ թերթը գրել է․ Կուսակցության ներկայացուցիչ, ցուցակի 13-րդ համար Նաիրա Գեւորգյանը, որն ապահովում է կուսակցության կապերը մամուլի հետ, մեզ ասաց. «Քարոզարշավը նախատեսում ենք իրականացնել վերջին օրերին։ Փորձում ենք այդկերպ տարբերվել բոլորից»։ Հարցին՝ արդյո՞ք քարոզարշավ չանելը դրական արդյունք կտա, Գեւորգյանը պատասխանեց. «Գուցե: Մեր շտաբի պետ Լեւոն Բաղդասարյանը եւ Համահայկական ճակատի նախագահ Արսեն Վարդանյանը համատեղ աշխատում են եւ այդպես են որոշել։ Չեմ կարող ասել, թե քարոզարշավն ինչպես կկազմակերպվի այդ ժամանակ, դեռ մենք էլ չգիտենք»։

Հիշեցնենք, որ Լեւոն Բաղդասարյանը փաստաբան է, այս տարիներին զբաղվել է Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացվող իրավական պրոցեսներում նրա պաշտպանությամբ, ապա նշանակվել է նրա շտաբի պետ եւ ընտրացուցակի առաջին համարն է: Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես, ինչ միջոցներով են իրականացնելու քարոզարշավը, եթե նախընտրական հիմնադրամում այս պահին 0 դրամ կա, Գեւորգյանը պատասխանեց, որ արդեն 0 դրամ չէ․ «Երեկ արդեն գումար է նստել՝ 21 հազար դրամ։ Ֆինանսական հարցերն էլ երեւի մոտ օրերս կկարգավորվեն»։