20/05/2026

EU – Armenia

Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023թ․ հոկտեմբերի 19-ին Արթուր Մելիքյանին նշանակել է Այգեձորի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։

«Հրապարակ» թերթը գրում է․ Իսկ մայիսի 14-ին Բերդ համայնքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա լինելու համար Մելիքյանին ազատել են պաշտոնից։

Մելիքյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ «Ուժեղ Հայաստանի» հավաքին ներկա լինելու համար են իրեն պաշտոնից ազատել, ասաց` ճիշտ չէ, ինքն ավելի շուտ է աշխատանքից ազատվել: Ե՞րբ։ «Վաղուց»։ Խնդրեցինք օրը նշել, ասաց` «չեմ հիշում»։

Նրա խոսելու տոնից կարելի էր ենթադրել, որ վախեցած է, կաշկանդված։ Զանգահարեցինք Այգեձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Ծաղկյանին, հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է աշխատանքից ազատվել Արթուր Մելիքյանը։ Պատասխանեց՝ մայիսի 14-ին, եւ հավելեց, որ վարչատնտեսական մասի համակարգողին մարզպետն է նշանակում եւ ազատում, ինքը չգիտի, թե ինչու են պաշտոնից ազատել։ Նախընտրական քարոզչությանը մասնակցելու համար Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 8-ից արձակուրդ է վերցրել, նրան փոխարինում է մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը:

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում են մարզպետի եւ նրան փոխարինողի որոշումները։ Մարզպետարանի կայքում մարզպետին փոխարինող, մարզպետի տեղակալ Ն․ Ղուշչյանի միակ եւ վերջին որոշումը հրապարակված է մայիսի 11-ի ամսաթվով, կայքում Ա․ Մելիքյանին աշխատանքից ազատելու որոշում չկա։

Մինչդեռ պաշտոնական որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման պահից։