22/05/2026

EU – Armenia

Կոբախիձեն հասկացրել է, որ Աբխազիայի տարածքով ցանկացած կոմունիկացիա ապօրինի է

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Imedi հեռուստաընկերությանը բացառիկ հարցազրույց է տվել։ Այդ մասին հայտնել է apsny.ge առցանց լրատվամիջոցը։

Լրագրողը հետաքրքրվել է, թե պաշտոնական Թբիլիսին ինչպես է ընդունում, երբ ընդդիմությունը համեմատում է Եվրամիության Հայաստանի և Վրաստանի հետ հարաբերությունները։

«Դա մեզ համար մի քիչ անհարմար թեմա է, քանի որ մենք հարևաններ ենք, մենք շատ լավ հարաբերություններ և ռազմավարական գործընկերություն ունենք։ Ելնելով դրանից, ճիշտ չէ մեզ համեմատել Հայաստանի հետ, և մենք, իհարկե, դա չենք անի, դա ճիշտ չէր լինի»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Իրակլի Կոբախիձեն հատուկ շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և մեջբերել նրա տեսակետը, որ առանց Վրաստանի Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունը «անպատկերացնելի» է։

Վրաստանի վարչապետը սենսացիոն հայտարարություն է արել։ Նրա խոսքերով՝ ոչ Վրաստանի հարևան եվրոպամետ մի երկիր «Աբխազիայի տարածքով իր սպեցեֆիկ արտադրանքը արտահանում է Ռուսաստան», մինչդեռ Բրյուսելում «հակաեվրոպական են անվանում Վրաստանին»։

Կոբախիձեն չի մանրամասնել, թե ո՞ր երկիրն է Աբխազիայի տարածքով «սպիցիֆիկ արտադրանք» արտահանում Ռուսաստան, բայց հասկանալ է տվել, որ նման փոխադրումներ Վրաստանի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներով չեն իրականացվում։

Այդ հավաստիացումը էական նշանակություն ունի նաև Հայաստան-Եվրամիության հարաբերությունների համար։ Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցները Հայաստանի տնտեսության աճը կապում են «երկակի նշանակության ապրանքներ Ռուսաստան արտահանելու» հետ։

Պետք է ենթադրել, որ պաշտոնական Բաքվի ներկայացուցիչները Եվրահանձնաժողովի պատասխանատուների հետ շփումներում Հայաստանին մեղադրում են «Ռուսաստանին ռազմավարական աջակցություն ցուցաբերելու» մեջ։

Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ կապի մասին Կոբախիձեի բացահայտումը, երևի, անուղղակի հասցեագրվում է Հայաստանի ընդդիմությանը, որի ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում ակտուալացրել են «աբխազական երկաթուղու» գործարկման և այդպիսով Հայաստանը շրջափակումից դուրս բերելու թեման։ Կոբախիձեն հասկացրել է, որ Աբխազիայի տարածքով ցանկացած կոմունիկացիա ապօրինի է։