23/05/2026

EU – Armenia

Հրաժարական է տվել Թուլսի Գաբարդը․ ժամանակին այցելել էր Արցախ. Լուսանկար

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հրաժարական է տվել ընտանեկան հանգամանքների պատճառով։ Այդ մասին նա տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման ժամանակ։

«Ցավոք, պետք է հրաժարական տամ 2026 թվականի հունիսի 30-ից։ Ամուսնուս՝ Աբրահամի մոտ վերջերս ոսկրային քաղցկեղի չափազանց հազվագյուտ տեսակ է ախտորոշվել», – ասել է Գաբարդը հայտարարության մեջ, որը մեջբերում է Fox News-ը։

Հրաժարականի դիմումում Գաբարդը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահին` ցուցաբերված վստահության և վերջին մեկուկես տարվա ընթացքում Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը ղեկավարելու հնարավորության համար։

Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Ազգային հետախուզության տնօրենի տեղակալ Աարոն Լուկասը տնօրեն Թուլսի Գաբարդի հրաժարականից հետո կդառնա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Գաբարդը ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն էր նշանակվել 2025 թվականի փետրվարին։

Ի դեպ, նա բավական սերտ հարաբերություններ է պահպանում ԱՄՆ հայկական կառույցների հետ։ 2017 թվականին Գաբարդն այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված համաժողովի շրջանակներում։ Նա ծագումով Հավայան կղզիներից է, այս նահանգը 2016 թվականին ճանաչել էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Հրաժարական է տվել Թուլսի Գաբարդը․ ժամանակին այցելել էր Արցախ