03/06/2026

EU – Armenia

«Ի՞նչ խաղաղություն, եթե դրա գինը Ղարաբաղից հրաժարումն է, իսկ Հայաստանը վերածվում է Ադրբեջանի ֆիլիալի»

1998թ․ «իշխանափոխության» կազմակերպիչները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ չունեին։ Նրանք ընդամենը Լևոն Տեր-Պետրոսյանի ընդունած փուլային տարբերակին կամ, եթե բոլոր «գեղեցկախոսություններից» վերացարկվենք, նրա հետագա պաշտոնավարմանը դեմ էին։

Երևի պատերազմից հետո «գրաբար սովորելու» ցանկություն չկար։ Ասվածի ապացույցը արձանագրված փաստն է, Տեր-Պետրոսյանի «հրաժարականից» տասը ամիս հետո Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես դրական են պատասխանել կարգավորման «Ընդհանուր պետություն» առաջարկին, որը ենթադրում էր Լաչինի միջանցքից բացի բոլոր տարածքների Ադրբեջանին վերադարձ, իսկ ԼՂ-ն պետք է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում օժտվեր «հանրապետական կարգի պետական կազմավորման» կարգավիճակով։ Փաստացի դա Ադրբեջանի կազմում «բարձր ինքնավարություն» էր, որ, սակայն, Հեյդար Ալիևը մերժել է։

Հետագա իրադարձությունները հայտնի են՝ ներառյալ 2016թ․ ապրիլի 2 -ին սկսված և 2023թ․ սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի ամբողջական անեքսիայով և նրա հայ բնակչության բնատեղահանությամբ ավարտված ղարաբաղյան երկրորդ պատերազմը։

Հունիսի 1-ի հեռուստաբանավեճի ընթացքում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ խորհրդարանական մրցապայքարի մասնակից քաղաքական ոչ մի ուժի հետ խնդիր չունեն, բացի ՔՊ-ից։ Այդպես Հայաստանում եղել է 1996-ի նախագահական ընտրություններում, երբ քաղաքական բոլոր դերակատարները միմյանց հետ որևէ տարաձայնություն չունեին և համախոհաբար միասնական թեկնածու էին առաջադրել Վազգեն Մանուկյանին։

Հայ հանրության ճնշող մեծամասնությունը ցայսօր համոզված է, որ այդ ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը «պարտվել է, ուժայինները ժողովրդի հաղթանակը գողացել» են։

Քաղաքական դաշտը, հանրային գործիչները, մտավորականության, ակադեմիական և բուհական գիտնականների, գրողների, արվեստագետների և հատկապես զինվորականության գերակշիռ մեծամասնությունը 1998թ․ «իշխանափոխությունը» ոչ թե ողջունել, այլ ընդունել է ցնծությամբ՝ համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես հայանպաստ կարգավորման ճանապարհի գլխավոր խոչընդոտը հեռացված» է։ Ի՞նչ ունեցանք արդյունքում՝ վերևում ասված է։

Ի՞նչ կունենայինք, եթե քաղաքական մի երկրորդ ուժ, հանրային ազդեցիկ գործիչների մի խումբ, գոնե մեկ տասնյակ հեղինակավոր գիտնականներ, գրողներ, արվեստագետներ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելու քաջություն ունենային և սատարեին ղարաբաղյան հակամարտության խաղաղ-բանակցային՝ փուլ առ փուլ կարգավորմանը, որով «Ղարաբաղը եւս երեք հազար տարի» հայկական կմնար։

Բայց տարածքների վերադարձը, երբ ԼՂ կարգավիճակը «այստեղ և այժմ» չէր որոշվում, «դավաճանություն» գնահատվեց, ունեցանք Ղարաբաղի կորուստ։

Այսօր «դավաճանություն» է գնահատվում Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի ստորագրումը, որովհետև «ի՞նչ խաղաղություն, եթե դրա գինը Ղարաբաղից հրաժարումն է, իսկ Հայաստանը վերածվում է Ադրբեջանի ֆիլիալի»։

Նախընտրական քարոզարշավի «էյֆորիայի» տակ կարելի է նույնիսկ Նախիջևանի ադրբեջանապատկանությունը համարել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման խոչընդոտ։

Բայց ինչպես 1998-ի «իշխանափոխության» կազմակերպիչները չունեին ղարաբաղյան կարգավորման հայեցակարգ, այնպես էլ ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի հակառակորդները, ձևակերպման համար թող ներեն, «խաղաղության հոդաբաշխ ծրագիր» չեն հնչեցնում։

-Եթե ես լինեմ, Ալիևը Հայաստանի դեմ չի հարձակվի,- ասվածը, մեղմ ասած, արժանահավատ չէ։ Թեկուզ այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանը հինգ տարի Իլհամ Ալիևի հետ բանակցություններ է վարել, բայց չի կարողացել համոզել, որ Լեռնային Ղարաբաղը իրավա-քաղաքական սուբյեկտ է, և ինքը պիտի որոշի իր կարգավիճակը։

Եթե կարողանար համոզել, Ալիևը 2011թ․ Կազանում փաստաթուղթ կստորագրեր։ Ընդ որում, Կազանի «համաձայնության երաշխավորը» նույն Ռուսաստանն էր, որի «երաշխավորած խաղաղության» համար խորհրդարանական ընտրապայքարի մասնակից ուժերը միմյանց հետ որևէ խնդիր չունեն։