07/06/2026

EU – Armenia

ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան – Իրան հարաբերություններում Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը

Ամերիկյան NBS հեռուստաընկերությունը, հղելով ԱՄՆ «բարձրաստիճան ներկայացուցչին», սենսացիոն տեղեկություն է տարածել, ըստ որի «Պենտագոնը «Իսրայելի կողմից հակահետախուզական սպառնալիքը բարձրացրել է «ճգնաժամային» մակարդակի»։

Դա նշանակում է, որ Իսրայելի հատուկ ծառայությունները Վաշինգտոնում «փորձում են ԱՄՆ նախագահի մերձավոր շրջապատից տեղեկություններ ստանալ և պատկերացում կազմել, թե Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ իրականում ինչ դիրքորոշում ունի»։

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատունը այդ տեղեկությունը հերքել է, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ NBS-ի աղբյուրը «իրավիճակից անտեղյակ» է։

ԱՄՆ-Իսրայել տարաձայնությունների մասին առաջին տեղեկությունը տարածվել է մայիսի վերջին։ Միանգամից մի քանի հեղինակավոր լրատվամիջոցներ հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Թրամփը Իսրայելի վարչապետ Նաթանյահուին անվանել է «խելագար», որ «բանտում չէ միայն շնորհիվ իր աջակցության»։ Իսրայելը կասկածներ ունի, որ ԱՄՆ-ը կարող է Իրանի հետ «սեպարատ գործարք կնքել» և պնդում է բանակցություններին իր մասնակցությունը, բայց առայժմ՝ ապարդյուն։

Հնարավոր է, ԱՄՆ-Իսրայել «լրտեսական պատերազմի» մասին տեղեկությունը չափազանցված է, բայց Իրանի հետ Միացյալ Նահանգների բանակցություններում, իրոք, մի իրավիճակ է, երբ ցանկացած համաձայնություն Իսրայելի համար չափազանց ցավոտ կլինի։

Այս իմաստով մեծ է հավանականությունը, որ Իսրայելի հատուկ ծառայությունները Վաշինգտոնում «լրացուցիչ տեղեկություններ են հայթայթում»։ Այս համատեքստում աչքի է զարնում ամերիկյան մեկ այլ հեղինակավոր լրատվամիջոցի՝ CNN-ի, տարածած տեղեկությունը, որ Իսրայելը Ադրբեջանի հարավում հատուկ նշանակության զորախումբ է տեղակայել, որպեսզի «օգտագործի Իրանի դեմ պատերազմում»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը այդ տեղեկությունը հերքել է և կրկին հավաստիացրել, որ ադրբեջանական տարածքը Իրանի դեմ չի օգտագործվել։ CNN -ի տեղեկացվածությամբ, Ադրբեջանում տեղակայված իսրայելական «կոմանդո» խմբերը ներգրավվել են ԻՀՊԿ հետախուզության պետի սպանության կազմակերպմանը, իսկ մարտի 5-ին «իրանական անօդաչուները գրոհել են Նախիջեւանի օդանավակայանը»։

Դժվար է այս «բացահայտումը» ուղղակիորեն կապել իսրայելա-ամերիկյան «լրտեսական պատերազմի» մասին տեղեկատվական արտահոսքի հետ, բայց երբ մեկ-երկու օրվա տարբերությամբ ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցները «փոխկապակցված» լրահոս են կազմակերպում, կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև «ինչ-որ թյուրըմբռնում կա»։

ԵԱՏՄ-ին Ադրբեջանի «անդամակցության հրավերը», գուցե պատահականորեն, բայց համընկել է Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ օգտագործելու մասին CNN-ի բացահայտմանը։ Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության ծրագիր ունի, ինչին դեմ էր ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը։

Դոնալդ Թրամփը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան համապարփակ ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի մատուցելիք ծառայությանը։ Մոսկվայի կողմից ԵԱՏՄ-ում Հայաստանի մնալ-չմնալու հարցի արհեստական սրումը կապ ունի՞ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ազդեցության սահմանափակման նրա աշխարհաքաղաքական նախագծումների հետ։

ԵԱՏՄ վերջին խորհրդաժողովին Իրանը մասնակցել է արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամեդ Աթաբակի մակարդակով։ Նա հանդես է եկել որպես նախագահ Փեզեշքիանի հատուկ ներկայացուցիչ։