Թուրքիան հետեւում է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացին, Անկարայում Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Էրդողանի հայտարարության մեջ նկատելի է կասկածամտություն:
Տպավորություն է, որ Թոււրքիայի նախագահը զգուշացնում է Ալիեւին, որ վերջինս հանկարծ չմտածի ռուսներին որեւէ կերպ Արցախում թողնելու մասին: Էրդողանի հայտարարությունը հատկապես ուշագրավ է Ստեփանակերտում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ տեղեկության ֆոնին: Այդ մասին հայտնի դարձավ շաբաթներ առաջ, երբ Ռուսաստանում հանդիպեցին ռուս եւ ադրբեջանցի խորհրդարանականները:
Այդ ժամանակ, ՌԴ Պետդումայի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, սենատոր, ՌԴ նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտնել էր Ստեփանակերտում մինչեւ տարեվերջ ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու ակնկալիքի մասին: Ալիեւն ըստ ամենայնի Թուրքիայի դժգոհությունը «կանխարգելելու» կամ «բալանսավորելու» նպատակով է, որ Անկարա մեկնելուց առաջ բարձրաձայնեց Շուշիում Թյուրքալեզու կազմակերպության անդամ երկրների ոչ ֆորմալ գագաթնաժողով անցկացնելու մտադրության մասին, իսկ արդեն Անկարայում ստացավ դրան մասնակցելու Էրդողանի հավանությունը:
Բայց, «ռուս խաղաղապահների դուրսբերմանը հետեւելու» մասին հայտարարությունը թերեւս հուշում է, որ Էրդողանի մոտ առկա է Ալիեւի հանդեպ որոշակի անվստահություն, այնքան, որ դրա մասին արվում է նույնիսկ անուղղակի, բայց բարձրաձայն ակնարկ: Երեւում է, որ Թուրքիայի նախագահին խիստ է մտահոգել, որ Անկարա այցի վերաբերյալ այդպես էլ վերջնական ու հստակ համաձայնության չեկող ՌԴ նախագահ Պուտինը Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում իր ելույթում բավականին շռայլ էր Ադրբեջանի հասցեին արտահայտություններում:
Հատկանշական է, որ հենց դրանից հետո հանկարծ հայտնի դարձավ, որ Էրդողանի հրավերով Ալիեւը մեկնում է Թուրքիա: Ի վերջո պարզ է, որ Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսության թեման Պուտինն ու Ալիեւը արծարծել են դեռեւս մարտին, երբ հանկարծ հայտարարվվեց, որ նրանք կայացրել են Ացախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին որոշում: Այլ կերպ ասած, այն մեծ փաթեթի մի մաս է միայն, եւ Էրրդողանն այդ մեծ փաթեթը նկատի ունի անշուշտ, երբ խոսում է «ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացին հետեւելու» մասին: «Թարգմանաբար» դա նշանակում է, որ Էրդողանն Ալիեւին զգուշացնում է ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններին հետեւելու մասին:
Ընդ որում, բավականին ուշագրավ է, որ Կազանում ԲՐԻԿՍ արտգործնախարարների հավաքին մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հանդիպում է ունեցել նաեւ Ռուսաստանի արտաքին հետախուզության պետ Նարիշկինի հետ: Իսկ դա արտառոց է, երբ արտգործնախարարը հանդիպում է հետախուզության պետին, որքան էլ իհարկե Նարիշկինը Ֆիդանի նախկին գործընկերն է: Ֆիդանը մինչ արտգործնախարար դառնալը Թուրքիայի հետախուզության ղեկավարն էր:
Ընդ որում հատկանշական է, որ այդ հանդիպման մասին տեղեկություն իհարկե ոչ պաշտոնապես, բայց թուրքական մամուլի միջոցով հանրայնացրել է հենց թուրքական կողմը: Իսկ Նարիշկինն էլ հայտնի է ադրբեջանական վերնախավի ներկայացուցիչների հետ իր բիզնես կապերով: Արդյո՞ք Ֆիդանը հանդիպել է Նարիշկինին, նախկին ինչ որ պայմաանավորվածություններ հիշեցնելու եւ դրանցից «շեղվելու» վերաբերյալ Անկարայի մտահոգությունը հայտնելու համար:
Բաց մի թողեք
Փլուզվող հարաբերությունների և կառուցակարգերի պայմաններում, երբ հինն այլևս գրեթե «ավերակ» է
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Հայաստանում արձանագրվում է պետական և համայնքային ծառայությունների՝ քաղաքացիներին մատուցման որակի շոշափելի անկում