18/06/2026

EU – Armenia

Սկանդալային մանրամասներ` Օրգովում երեխայի թմրանյութի դեպքից

Մոտ մեկ շաբաթ առաջ աղմկահարույց տեղեկություն տարածվեց, որ Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել էր հիվանդանոցում։

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանն ահազանգել էր, որ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։

«Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխան այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում և հիշողության կորստով։ Ընդ որում, բժիշկները փաստել են, որ երեխան առաջին անգամ է օգտագործել։ Ենթադրվում է՝ քաղցրի միջոցով է փոխանցվել երեխային»,- նշել էր Թորոսյանը։

Դպրոցի տնօրենը ևս մանրամասներ էր հայտնել դեպքից՝ նշելով, որ էքսկուրսիայի ժամանակ 21 երեխաներին ուղեկցել են 7 ուսուցիչներ, էքսկուրսիայի ժամանակ բոլոր երեխաներին բարեգործական հիմնադրամը իր տնկարանում հյուրասիրել է լավաշ, պանիր, վարունգ։

«Հրապարակ»-ին մանրամասներ են հայտնի դարձել այս քրեական վարույթից։ Ըստ մեր աղբյուրի` գործով մեղադրյալ է ճանաչվել ընտանիքի հարևանը, իրավապահները հենց նրան են մեղադրում անչափահասին թմրանյութ տալու համար։

Հարևանի դեմ երեխան հակասական ցուցմունքներ է տվել, նախ հայտնել է, որ նա է իրեն տվել թմրանյութ, ապա հերքել է իր խոսքերը։ Հարևանը, որը հայտնվել է այս քրեական սկանդալում, հերքել է իր առնչությունը, սակայն պարզվում է` նա իրավապահների թիրախում է հայտնվել ոչ միայն այս երեխայի մեկ ցուցմունքի հիման վրա, այլ նաեւ տարիներ առաջ է եղել տեսադաշտում` «նարկոտիկի» գործ անելու համար։

Վարկածներից մեկն էլ այն է, որ երեխան ինքն է ճարել թմրանյութ եւ օգտագործել։ Քննչական կոմիտեից մեր հարցին, թե ով է որպես մեղադրյալ ներգրավված, պատասխանեցին, որ մեկ անձի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որը դատարանը մերժել է եւ կիրառել է բացակայելու արգելք։