18/06/2026

EU – Armenia

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ոչնչացրել են 555 անօդաչու թռչող սարք Ռուսաստանի 17 շրջաններում, ինչպես նաև Ղրիմում և Ազովի ծովի երկնքում։ ԱԹՍ-ների զանգվածային հարվածների է ենթարկվել Մոսկվան։

Սա, ըստ միջազգային լրատվամիջոցների, դարձել է երկու տարվա ընթացքում ուկրաինական անօդաչուների ամենախոշոր հարձակումը Մոսկվայի վրա։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ խոցվել է Մոսկվայի ուղղությամբ թռչող արդեն 194 անօդաչու։ Մոսկվայի Կապոտնյայի շրջանի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են «Սադովոդ» առևտրի կենտրոնի տարածքում։

Ռոստովի նահանգապետը հայտնել է, որ հունիսի 18-ի գիշերը Կամենսկ-Շախտինսկի քաղաքում և Ռոստովի մարզի հինգ շրջաններում մոտ 60 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Գուկովո քաղաքում մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։

Ռուսաստանն էլ հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Երկրի ռազմաօդային ուժերի տեղեկացմամբ՝ հունիսի 18-ի գիշերը ռուսական զորքերը երկրի ուղղությամբ արձակել են յոթ «Իսկանդեր-Մ/Ս-400» բալիստիկ հրթիռ և տարբեր տեսակի 239 հարձակողական անօդաչու թռչող սարք Հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել չորս «Իսկանդեր-Մ/Ս-400» բալիստիկ հրթիռ և 212 ԱԹՍ։Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Կիևին և Պոլտավային։

BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղական իշխանություններին, հաղորդել է, որ այս քաղաքներում մի քանի պայթյուն է լսվել։

Ռուսական կողմը հարձակման համար մեղադրել է Ուկրաինային։