Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը անցյալ շաբաթ հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական տալ։ Ուշագրավ է, որ նա այդ մասին ասել է համակիրների բազմամարդ հանրահավաքի հարթակից։
Ավելի վաղ այդ մասին հայտնել են Վուչիչի մերձավոր շրջապատի աղբյուրները։ Իշխող տպավորություն է, որ Սերբիայի նախագահը պաշտոնից վաղաժամ հեռանում է, որպեսզի մասնակցի խորհրդարանական ընտրություններին և զբաղեցնի վարչապետի պաշտոնը։
Վուչիչը «Սերբիայի առաջադիմական» կուսակցության առաջնորդն է։ Խորհրդարանական նախորդ ընտրություններում նրա գլխավորած քաղաքական ուժը «համոզիչ հաղթանակ է տարել և մեծամասնություն կազմել»։
Սերբիայում ներքաղաքական իրավիճակը սրվել է անցյալ տարվանից, երբ երկաթուղային կայարաններից մեկում շինության տանիքի փլուզման հետեւանքով տասնվեց մարդ է մահացել։
Փորձագետների մեծ մասը, սակայն, համոզված է, որ սերբական հանրության բեւեռացումը Եվրամիությանը երկրի անդամակցության հարցի շուրջ է։ Սերբիայի համար Կոսովոյի կարգավիճակը շարունակում է «կարմիր գիծ» մնալ, մինչդեռ Եվրամիությունը Բելգրադին փորձում է հակառակը համոզել։
Այս առումով Վուչիչի գլխավորած կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի դաշինքով։ Ի՞նչ մարտավարություն կընտրեն Սերբիայի արեւմտամետ քաղաքական ուժերը, առայժմ տեղեկություններ չկան։
Սերբիայում հնարավոր զարգացումներին, բնականաբար, սրված հետևում են ամենից առաջ Ռուսաստանում։ Ալեքսանդր Վուչիչը եվրոպական հազվագյուտ առաջնորդներից է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները չի խզել, չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
Վուչիչի քաղաքական ապագան, ինչպես հասկացվում է ադրբեջանական մամուլի հրապարակումներից, հուզում է նաև պաշտոնական Բաքվին։ Սերբիայի և Ադրբեջանի միջեւ ձևավորվել են վստահելի հարաբերություններ։
Բելգրադը Ադրբեջանի սպառազինությունների մատակարար է, կողմերը քննարկել են Ադրբեջանում սերբական «ռազմաարդյունաբերական որոշ տեխնոլոգիաներ ներդնելու» հնարավորությունը։
Սերբիայի նախագահը դեռեւս պաշտոնական հրաժարական չի ներկայացրել, հայտնի չէ, թե երբ կկայանան նախագահի և խորհրդարանի արտահերթ ընտրությունները, բայց միջազգային մամուլը արդեն իսկ կանխատեսում է, որ «Բելգրադում թեժ է լինելու»։
Եթե խորհրդարանական ընտրություններում Վուչիչի կուսակցությունը մեծամասնություն չապահովի, ապա, Սերբիան, երեւի, կընդունի Եվրամիության հետ հարաբերությունների խորացման քաղաքական ուղեգիծ։
Սերբիայի ընտրությունները միայն ներքին խնդիր չէ։ Բելգրադի եվրոպամետ կողմնորոշումը կարող է փոխել Բոսնիա-Հերցեգովինայի չափազանց փխրուն ստատուս-քվոն։
Ավելի վաղ փորձագետները չեն բացառել, որ Բելգրադը Կոսովոյի անկախության ճանաչման դիմաց «կարող է պահանջել Բոսնիա-Հերցեգովինայի մաս կազմող Սերբական հանրապետության իր կազմում միավորումը»։

Բաց մի թողեք
ՆԱՏՕ-ի արևելյան թևի մասին. Ինչպես է Լիտվան ամրապնդում իր պաշտպանությունը
Ռուսաստանի հերթական անհանգիստ գիշերը
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր. Լուսանկար