14/11/2026

EU – Armenia

ԵՄ-ն ձգտում է վերակենդանացնել Սիրիայի հետ նախապատերազմյան համաձայնագիրը

Համաձայնագիրը հնարավորություն կտա վերագործարկել հարաբերությունները ԵՄ-ի և Սիրիայի նոր կառավարության միջև

Եվրամիությունը ցանկանում է վերակենդանացնել Սիրիայի հետ վաղուց սառեցված համաձայնագիրը՝ առաջարկելով ստորագրել մի փաստաթուղթ, որը նախնական համաձայնեցվել էր դեռևս 2008 թվականին, սակայն այդպես էլ չէր կնքվել։ Այս քայլով Բրյուսելը նպատակ ունի խորացնել կապերը Դամասկոսի հետ։

Առաջարկը ներկայացված է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) պատրաստած քննարկման փաստաթղթում՝ նախատեսված ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների՝ երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման համար։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են Սիրիայում քաղաքական անցումային գործընթացն ու տնտեսական վերականգնումը։

Փոխանակ զրոյից նոր համաձայնագրի շուրջ բանակցելու՝ Բրյուսելն առաջարկում է ստորագրել 2008 թվականի ասոցացման համաձայնագրի գործող տեքստը՝ միաժամանակ ԵՄ անդամ երկրներից նոր մանդատ հայցելով՝ դրա վերանայման շուրջ բանակցություններ վարելու համար։

«Այս մոտեցումը թույլ կտա արագ արդյունքի հասնել, կնպաստի երկրի կայունացմանը և Սիրիան կդնի հարավային հարևանության մյուս երկրների հետ նույն հարթության վրա՝ միաժամանակ պաշտպանելով ԵՄ շահերը», — նշվում է փաստաթղթում, որին ծանոթացել է Rapporteur-ը։

2008 թվականի տեքստն այդպես էլ չստորագրվեց, քանի որ ԵՄ-ն զերծ մնաց դրանից՝ մտահոգված լինելով Ասադի նախկին վարչակարգի օրոք մարդու իրավունքների հետ կապված իրավիճակով։

Ներկայումս Սիրիան անցնում է խոշոր քաղաքական փոխակերպման փուլ՝ 2024 թվականի դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի տապալումից հետո։ Վարչակարգի անկումը ճանապարհ բացեց նոր քաղաքական կարգի հաստատման համար՝ քաղաքացիական պատերազմի տարիներից և տասնամյակներ տևած ավտորիտար կառավարումից հետո։

Պարզ չէ՝ արդյոք Սիրիայի իշխանությունները կնախընտրեն վերակենդանացնել 2008 թվականի համաձայնագիրը, թե՞ բանակցել բոլորովին նոր փաստաթղթի շուրջ, քանի որ Դամասկոսը դեռ չի հայտնել իր դիրքորոշումը Բրյուսելին, նշել է ԵՄ դիվանագետներից մեկը։

ԵՄ-ն 620 միլիոն եվրոյի աջակցության փաթեթով սատարում է Սիրիայի նոր կառավարությանը
Ք Մինչ այժմ ԵՄ-ի և Սիրիայի միջև հարաբերությունները կարգավորվում էին 1977 թվականին կնքված համագործակցության համաձայնագրով, որի գործողությունը 2011 թվականին մասնակիորեն կասեցվել էր՝ ի պատասխան Ասադի վարչակարգի իրականացրած ճնշումների։ Այս տարվա մայիսին ԵՄ անդամ պետությունների կառավարությունները համաձայնության եկան վերականգնելու համաձայնագրի լիարժեք կիրարկումը։

Քննարկման համար նախատեսված փաստաթղթում նաև նշվում է, որ թեև վարչակարգի անկումից հետո Սիրիայում Ռուսաստանի ազդեցությունը նվազել է, Մոսկվայի շարունակվող ռազմական ներկայությունն ու տնտեսական լծակները մտահոգության տեղիք են տալիս ԵՄ-ի համար։

«ԵՄ-ն նաև ակտիվացնում է իր գործունեությունը՝ նվազեցնելու Ռուսաստանի և այլ արտաքին դերակատարների վնասակար ազդեցությունը Սիրիայի վրա», — ասվում է փաստաթղթում։

Բացի նշված համաձայնագրից, ԵՄ-ն նպատակ ունի խրախուսել եվրոպական ներդրումները վերականգնողական աշխատանքներում, աջակցել Սիրիայի վերաինտեգրմանը տարածաշրջանային առևտրային և հաղորդակցային ցանցերին, ինչպես նաև խորացնել անվտանգության ոլորտում համագործակցությունը՝ այդ թվում Հորդանանի հետ համատեղ ոստիկանական վերապատրաստումների միջոցով։

Այս տարվա սկզբին ԵՄ-ն խոստացավ 620 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Սիրիային 2026 և 2027 թվականներին՝ ուղղված մարդասիրական օգնությանը և սոցիալ-տնտեսական վերականգնմանը։