Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովի՝ Հայաստան, իր ծննդավայր Աղավնավանք այցի մասին նախորդ հրապարակումիցս հետո լրացուցիչ տեղեկություններ ստացա:
Հրապարակ թերթը գրել է․ Պարզվում է, որ այդ այցը կազմակերպել, Հայաստանից սերված ադրբեջանցի պաշտոնյաների հետ ի պաշտոնե բազում շփումներ է ունեցել ՀՀ նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արմեն Մարտիրոսյանը։ Նրան խնդրեցի մանրամասներ պատմել այդ հանդիպումներից։
Արմեն Մարտիրոսյանը պատմեց․ 1999թ. ձմեռն էր, որոշվել էր Եվրախորհրդի շրջանակներում կրթության նախարարների կոնֆերանսը Հայաստանում անցկացնել։ Դժվար ժամանակներ էին, նման մակարդակի կոնֆերանս անցկացնելու պայմաններ չկային։ Որոշվել է այն անցկացնել Ծաղկաձորում, Մերգելյան ինստիտուտի հանգստյան տանը։ Կոնֆերանսին մասնակցել են Վրաստանի կրթության նախարարը, Ռուսաստանի կրթության փոխնախարարը, այլ երկրների կրթության նախարարներ եւ Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովն ու Բաքվի ժողկրթության վարչության պետը։ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն է համակարգել միջոցառումը, նա իր տեղակալ Արմեն Մարտիրոսյանին ուղարկել է Ծաղկաձոր։ Մարտիրոսյանը Ծաղկաձորում մոտեցել է Մարդանովին, բարեւել, վերջինս մաքուր հայերենով պատմել է, որ ինքը Դիլիջանի շրջանի Սալահ (այժմ՝ Աղավնավանք) գյուղում է ծնվել, եւ հավելել է․ «Մի խնդրանք ունեմ՝ ուզում եմ գնալ իմ հայրենի գյուղ, որտեղ ինստիտուտն ավարտելուց հետո չեմ եղել»։
Մարտիրոսյանը չի իմացել, թե ինչ պատասխանի։ Նա ռիսկի է դիմել, զանգահարել է Հրազդանում ապրող վստահելի անձանց ու նրանց խնդրել՝ իրենց «Նիվա» ավտոմեքենայով, զենքերով գալ Ծաղկաձոր։ Մարտիրոսյանը սերտորեն կապված է Հրազդանի հետ, 2 անգամ այնտեղից պատգամավոր է ընտրվել։ Նա տղաներին հրահանգել է Մարդանովին տանել Աղավնավանք, ժամը 17-ին հետ բերել Ծաղկաձոր, քանզի ժամը 19-ին պաշտոնական ընթրիք էր լինելու։ Ձմռան երեկո է եղել, ժամը 18-ը վաղուց անցել է, սակայն Մարդանովը եւ նրան ուղեկցողները չեն վերադարձել։ Այն ժամանակ բջջային կապը վատ էր աշխատում, շատ տեղերում ծածկույթ չկար, Մարտիրոսյանը կապ հաստատելու համար անգամ բարձրացել է Ծաղկաձորի մի բարձրադիր տեղանք։ Վերջապես Մարդանովը եւ նրա ուղեկիցները հայտնվել են։ Նրա տեսքից զգացվել է, որ Աղավնավանքում ճոխ հյուրասիրել են։ Նա փաթաթվել է Ա․ Մարտիրոսյանին, ասել․ «Քո ցավը տանեմ, կյանքում երբեք չեմ մոռանա քո լավությունը», ու լաց է եղել։ Մարդանովին` նրա հայրական տանն ապրողները լավ հյուրասիրել են, նա ցանկացել է լինել նաեւ իր կնոջ հայրական տանը, որը նույն գյուղում էր։ Տեղացիներն ասել են, որ այնտեղ զոհվածի ընտանիք է ապրում, սակայն Մարդանովը համառել է, ուղեկցողները նրան նաեւ այդ տուն են տարել, որտեղ համեստ ընտանիք է ապրելիս եղել: Նրանք եւս հյուրասիրության սեղան են բացել։ Իսկ Ծաղկաձորում նախարարների պաշտոնական ընթրիքից առաջ Մարդանովը խնդրանքով դիմել է Մարտիրոսյանին․ «Խնդրում եմ՝ դաստա բերեք»։
Մարտիրոսյանը զարմացել է՝ ի՞նչ դաստա։ Դաստան փոքր նվագախումբն է՝ զուռնաչի, դամ պահող, դհոլահար։ Հրազդանից դաստա են բերել, քեֆը ջերմ ու ճոխ է դարձել։ Հաջորդ օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ կոնֆերանսի մասնակից նախարարների ընդունելություն է եղել, Մ․ Մարդանովը նոր խնդրանքով է դիմել Ա․ Մարտիրոսյանին՝ թույլ տան ինքն Ադրբեջան վերադառնա ոչ թե Վրաստանով, այլ՝ հայ-ադրբեջանական սահմանով։ Ա․ Մարտիրոսյանն ասել է, որ դա իր լուծելու հարցը չէ, կարող է այդ հարցով դիմել նախագահ Քոչարյանին։ Մարդանովի հետ Հայաստան ժամանած Բաքվի ժողկրթության վարչության պետը, որը ծնվել, մեծացել է Սյունիքի գյուղերից մեկում, Քոչարյանի մոտ ընդունելության ժամանակ մաքուր հայերենով Պարույր Սեւակի բանաստեղծություններն է արտասանել։ Մթնոլորտը փոխվել է, ջերմացել, եւ Մարդանովը, օգտվելով հնարավորությունից, Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել է իր խնդրանքը։ Քոչարյանն ասել է, որ հայկական կողմից արգելք չի լինի, սակայն չի կարծում, թե ադրբեջանական կողմը դրան կհամաձայնի։ Մարդանովը նախագահական սենյակից դուրս գալով՝ միջազգային կապով խոսակցություն է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի եւ այլ ղեկավարների հետ, ասել են` նման բան հնարավոր չէ։ Մարդանովը հիասթափված դիմել է Մարտիրոսյանին․ «Ես ամաչում եմ ներս մտնել, դու այդ մասին կհայտնես Ռոբերտ Քոչարյանին»։
Մարտիրոսյանը հիշեց, որ 2000թ․ գարնանը, երբ ինքը, արտգործնախարար Վարդան Օսկանյանը Հայաստան ժամանած Հեյդար Ալիեւի աղջկա ամուսու` Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիեւի հետ Երեւանի սրճարաններից մեկում են եղել, ինքը Մամեդգուլիեւին խնդրել է մի շիշ կոնյակ տանել Բաքու եւ հանձնել Միսիր Մարդանովին։ Ադրբեջանցի պաշտոնյան հրաժարվել է․ «Եթե ես տանեմ, այդ մարդը կարող է խնդիրներ ունենալ»։ Արմեն Մարտիրոսյանը 2009-2013 թթ․ եղել է Գերմանիայում ՀՀ դեսպանը։ Գերմանիայում գյուղատնտեսական խոշոր ցուցահանդես է եղել, որին մասնակցել է նաեւ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը։ Նա դեսպան Մարտիրոսյանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից միջոցառման մասնակցին` գյուղատնտեսության նախարար Աբասովին, որը հետո նշանակվել է Ադրբեջանի փոխվարչապետ։ Աբասովը Մարտիրոսյանի բարեւին հայերեն է պատասխանել․ «Բարեւ, ախպեր։ Ես Ալավերդյան փողոցի տղա եմ, Երեւանի կենտրոնում եմ ծնվել, մեծացել»։ Եվ վարժ հայերենով պատմել է, որ մի քանի տարի առաջ Երեւանում իրեն հյուրասիրել են, երբ հարցրել են՝ ի՞նչ կցանկանաս, Աբասովն ասել է, որ ցանկանում է քեֆ անել «Աղթամար» ռեստորանում, որտեղ մանուկ ժամանակ է եղել։ Քեֆը շարունակել են այդ ռեստորանում։ Աբասովը Մարտիրոսյանին ասել է, որ Բաքու վերադառնալով՝ ինքը երեւանյան հյուրասիրությունների մասին պատմել է նախագահ Իլհամ Ալիեւին։
Այնպես որ, անցյալում էլ են ադրբեջանցիներ եկել Հայաստան, բայց այն ժամանակ հայերը հաղթող էին ու մեծահոգի, իսկ ադրբեջանցիները՝ պարտված ու խնդրողի դերում:

Բաց մի թողեք
Դպրոցների կառավարումն անցնում է նախարարությանը
Եթե արդեն թեկնածուներ են առաջադրում, նշանակում է` գիտեն ՍԴ-ն ինչ վճիռ է կայացնելու
Ալեն Սիմոնյանի «վերջին դասը» եւ անորոշ ապագան