03/07/2026

EU – Armenia

Ի՞նչ «խաղաղապահ առաքելության» է պատրաստվում ադրբեջանական բանակը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և նախագահի աշխատակազմին առընթեր Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը «Ադրբեջանական բանակի խաղաղարար գործողությունների մասին» հաշվետվություն են տարածել։

Այդ մասին հայտնել է Բաքվի Trend գործակալությունը։ Վերլուծության նախաբանը հեղինակել է պաշտպանության նախարար Հասանովը։

«Միջազգային խաղաղության պահպանմանը աջակցելու նպատակով ներկայումս ուսումնասիրվում են ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող տարբեր գործողություններին ադրբեջանական բանակի մասնակցության հնարավորությունը»,- գրել է Հասանովը և անդրադարձել 1999թ․-ից ի վեր այդ բնագավառում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը։

Հուլիսի 1-2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի միացյալ հրամանատարության հետ համատեղ կրտսեր սպայական կազմի համար դասընթացներ է կազմակերպել։ Ադրբեջանը հռչակել է բանակը լիովին ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու պետական քաղաքականություն։

Զաքիր Հասանովը նշել է, որ «ավելի քան երեք հազար ադրբեջանցի զինվորական խաղաղապահ առաքելության փորձառություն է ձեռք բերել՝ սկսած Կոսովոյից»։ Անցյալ տարի Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Գազայում «կայունացնող ուժերի» կազմավորմանը։

Ի՞նչ «խաղաղապահ առաքելության» է պատրաստվում ադրբեջանական բանակը։ Minval politika-ի մեկնաբանի գնահատմամբ, ադրբեջանական բանակի կատարելագործումը անհրաժեշտություն է, քանի որ «մենք ապրում ենք չափազանց վտանգավոր աշխարհում, որտեղ մի երկրի խաղաղասիրությունը դեռևս անվտանգության երաշխիք» չէ, ուստի «ադրբեջանական բանակը պետք է ոչ միայն վառոդը չոր պահի, այլև կատարելագործի մարտական փորձառությունը»։

CNN Turk- ին հարցազրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելը «միջազգային հանրության համար վերածվել է այլևս անտանելի բեռի»։ Իսրայելի պաշտպանության նախարար Կացը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել «զսպել Թուրքիայի ցեղասպան մտադրությունները»։ Ադրբեջանական բանակը նախապատրաստվում է թուրք-իսրայելական պատերազմի՞։