«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, փաստացի, ավարտին է հասցնում Ազգային ժողովի խմբակցության ղեկավար կազմի ձևավորման գործընթացը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Անցած շաբաթ կուսակցության վարչությունն արդեն ընտրել է խմբակցության ղեկավարի թեկնածուին՝ այդ պաշտոնում առաջադրելով Արուսյակ Մանավազյանին։
Այժմ հերթը խմբակցության քարտուղարի ընտրությանն է։ Ակնհայտ է, որ գործող քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կարող շարունակել պաշտոնավարել նույն կարգավիճակում, ոչ էլ, առավել ևս, խմբակցության ղեկավարի պաշտոնում, հատկապես այն բանից հետո, երբ ՔՊ վարչությունը խմբակցության ղեկավարի պաշտոնում այլ թեկնածու ընտրեց։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական աղբյուրների փոխանցմամբ, գործող կարգի համաձայն՝ խմբակցության ղեկավարի թեկնածու ընտրված Արուսյակ Մանավազյանը պետք է խմբակցությանը ներկայացնի քարտուղարի իր թեկնածուին, որից հետո արդեն ՔՊ խմբակցությունը կկայացնի վերջնական որոշումը։
Օրաթերթի տեղեկություններով՝ խմբակցության քարտուղարի պաշտոնում կառաջադրվի ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Իշխանական շրջանակներում նրան ընդունելի և թիմային աշխատանքի տեսանկյունից հավասարակշռված թեկնածու են համարում։
Հատկանշական է, որ ավելի վաղ Ալխաս Ղազարյանի անունը քննարկվում էր նաև Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համատեքստում, սակայն այդ պաշտոնում նա թիմի աջակցությունը չստացավ։
Այդուհանդերձ, ՔՊ-ում, ըստ մեր տեղեկությունների, մտադիր են նրան վստահել խմբակցության քարտուղարի պաշտոնը՝ ներքին կազմակերպչական աշխատանքն ու խմբակցության ընթացիկ գործունեության համակարգումը նրա վրա դնելով։
Այսպիսով, ՔՊ-ում մեկնարկել է խմբակցության ղեկավար կազմի վերջնական ձևավորման փուլը։
Իսկ Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների հարցը դեռ կքննարկեն առաջիկա օրերին»։

Բաց մի թողեք
Բաքուն և Փաշինյանը դեմ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Բառապաշարն ու քայլերը փոքրիկ երկրների դիկտատորներին են հիշեցնում
Ախորժակն ուտելիս է բացվում