08/07/2026

EU – Armenia

Հայաստանի շուրջ ի՞նչ միջավայր է ձևավորվելու` «իմամ Շամիլ կծնվի՞»

Օկուպացված Շուշիում «գիտաժողովը», որի մասնակիցները Ռուսաստանին կոչ են արել «ճանաչել չերքեզների ցեղասպանությունը և դադարեցնել զանգվածային սպանությունների մասնակիցների հերոսացումը», նախորդել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին և ԱՄՆ-Թուրքիայի բարձրագույն մակարդակի բանակցություններին։

Չերքեզները և Կովկասի լեռնական այլ ժողովուրդները Ռուսաստանի կողմից գրավված տարածքներից զանգվածաբար Թուրքիա են բռնատղահանվալ նախանցյալ դարի 50-60-ական թվականներին։

Նրանց սերունդները Թուրքիայի քաղաքացիներ են։ Թուրքիայում բնակվում են նաև իսլամադավան աբխազների ժառանգները։ Վրաստանից Աբխազիայի անջատումից հետո Թուրքիայի «աբխազական համայնքը» պատմական հայրենիքի հետ կապեր հաստատելու ուղղությամբ որոշակի քայլեր է ձեռնարկել։

Անցյալ շաբաթ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցով Ժնևում ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը ապարդյուն է անցել։ Վրաստանը մնում է իր տեսակետին՝ «երկրի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»։

Չերքեզների ցեղասպանության պահանջը, որ հնչել է Ադրբեջանի կազմակերպած «գիտա-գործնական խորհրդաժողովի» հարթակից, սկզբունքորեն վերաբերում է նաև մոտ հարյուր ութսուն տարի առաջ բռնատեղահանված աբխազներին։

Ի՞նչ զարգացումներ կարող են հետեւել, եթե ՆԱՏՕ-ի գագաթաժողովի և թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունքում Թուրքիային հաջողվի ինստիտուցիոնալացնել Եվրոպայի անվտանգության «երաշխավորի կարգավիճակը»։

Կարելի է ենթադրել, որ «օսմանյան ժառանգության» ծրագիրը, որի ջատագովը անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, կներառնի նաև Աբխազիայում թուրքական ազդեցության ամրապնդումը։ Թուրքիայի «աբխազական համայնքը» շուրջ կես միլիոն անդամ ունի։

Բաց աղբյուրները վկայում են, որ Աբխազիայի առաջին նախագահ Արձինբայի անվտանգության ծառայությունը «գլխավորել են ծագումով Թուրքիայից աբխազները», իսկ երկրորդ նախագահ Բաղապշի «պապը՝ Ռեջեփ Բաղապշը ծնվել է Թուրքիայում»։

Եթե Թուրքիան «փափուկ ուժով մտնի Աբխազիա», ապա, հաշվի առնելով Աջարիայում թուրքական ներկայությունը, Սև ծովի վրացական առափնյակը փաստացի կվերածվի թուրքական ազդեցության գոտու։

Այդ դեպքում Ռուսաստանի համար չափազանց դժվար կլինի պահպանել Սուխումիի վերնախավի նկատմամբ գերիշխող ազդեցությունը։

Խոսքը, իհարկե, առաջիկա տարիներին սպասվող իրադարձությունների մասին չէ, բայց Թուրքիան մի օրում չէ, որ հասել է Սիրիայի կլանմանը։ Հայաստանի շուրջ ի՞նչ միջավայր է ձևավորվելու քսան-երեսուն տարի հետո, եթե հանգամանքները դասավորվեն այնպես, որ Հյուսիսային Կովկասում «իմամ Շամիլ ծնվի»։