Հուլիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ներկայացրած օրինագիծը, որով քրեականացվում է բժշկական միջամտություններից հրաժարվելը:
Հրապարակ թերթը գրել է․ Այն, ինչը նախկինում իրավունք էր՝ մարդու ֆիզիկական անձեռնմխելիության իրավունք, այժմ հանցանք է համարվում: «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 1-3 տարի ազատազրկում է սահմանում քրեական վարույթի շրջանակներում առողջական վիճակի պարտադիր բժշկական հետազոտություն անցնելուց հրաժարվելու, կամ խուսափելու համար։
Հատկանշական է, որ նախագծի նախնական տարբերակում սա տարածվում էր զուտ զորակոչից խուսափելու վերաբերյալ հարուցված վարույթների վրա: Սակայն կառավարության առաջարկով հետազոտությունից, կամ փորձաքննությունից հրաժարվելու քրեականացումը տարածվեց բոլոր քրեական վարույթների վրա:
Իրավապաշտպաններն ու փաստաբանները մտահոգված են: Ցանկացած բժշկական միջամտություն, հետազոտություն կամ նմուշառում, օրինակ՝ արյան հանձնում, ՄՌՏ և այլն, պետք է լինի մարդու կամքով, ոչ թե անձին քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով: Իսկ կենսաբանական կամ բժշկական միջամտությունների պարտադրանքը անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտում է:
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը պարզ լեզվով բացատրում է, թե ինչ ասել է անձի անձեռնմխելիություն. «Ինձ ասում ես՝ անալիզ չտվեցիր, ես էլ պատասխանում եմ՝ վախենում եմ ասեղից: Կամ՝ ուզում են մազս կտրեն, ասում եմ՝ վախենում եմ մկրատից: Ի՞նչ են անելու»: Նա հիշեցնում է, որ քրեական վարույթի շրջանակներում ապացույցներ հայթայթելը, օրինակ, պարզելը, թե մարդը կեղծ հիվանդությամբ է ազատվել բանակից, թե ոչ, իրավապահ մարմինների պարտականությունն է:
«Նրան սեփական մարմնի հաշվին ապացույցներ տրամադրելուն պարտադրելը և եթե հրաժարվի՝ դատելը, անհամաչափ խիստ պատիժ է: Կոպիտ ասած՝ մեղադրյալի խնդիրը ապացույց թաքցնելն է: Ասում ես՝ ապացույց չես ներկայացնում, քեզ կդատեմ: Դե, մի հատ էլ թող օրենք ընդունեն, որ եթե մեղայականով չես ներկայանում, քեզ էլի կդատեմ: Կամ՝ բնակարանի խուզարկության ժամանակ թմրանյութը եթե կամավոր չես հանձնում, քեզ էլի կդատեմ»:
Հայաստանի «տաղանդաշատ» քննիչների ու դատախազների համար այս օրինագիծը չարաշահումների ահռելի հնարավորություն է ընձեռում: Օրինակ, մազը վերցնում են ոչ թե գլխից, այլ մարմնի մեկ այլ մասից, անցնելով ողջամտության սահմանը: Վալոդն էլ «յոնջըլախցի» տղա ա, հրաժարվում է իր այդ հատվածից մազ հանձնել, ինչպե՞ս են սա բացառելու: «Բոլոր իմաստներով սա անգրագետ օրինագիծ է», – ասում է փաստաբանը:
«Նախկինների», մասնավորապես Սերժ Սարգսյանի նախագահության օրոք եւս նման նախագիծ մշակվել էր: Այն ժամանակ իրավապահ մարմինները պարբերաբար բարձրաձայնում էին, որ անձանց կողմից փորձաքննություններից կամ նմուշառումից՝ արյուն, մազ, ԴՆԹ տալուց հրաժարվելը տապալում է քրեական գործերի նախաքննությունը: Նախկին գլխավոր դատախազ, ապա ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն էր նախաձեռնել այս օրինագծի մշակումը, սակայն եւ կառավարությունը, եւ Ազգային ժողովը հրաժարվեցին այն ընդունել, քանի որ այն հակասում էր ՀՀ Սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անձի՝ իր դեմ ցուցմունք չտալու և իրեն չմեղադրելու, ինչպես նաեւ անձի անձեռնմխելիության իրավունքին:

Բաց մի թողեք
Աղավնի է թռցնում, չի թռչում, առյուծ են քնեցնում, չի զարթնում․․․
Իրավիճակը առաջնագծում եւ սահմանամերձ քաղաքներում ծանր է. Լուսանկար
Ընտրություններն անցան, առողջապահությունն այլեւս անվճար չէ