Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի իշխանությունները հայտնել են Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը սոցիալական ցանցերում հայտնել է, որ «ՀՕՊ ուժերը խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 81 անօդաչու թռչող սարք», երբ դրանք մոտենում էին Մոսկվային։
«Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են ընկած բեկորների տեղում», – գրել է նա։
«Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները «ընդունում և ուղարկում են չվերթներ նախնական պայմանավորվածությամբ: Դոմոդեդովոն դադարեցրել է թռիչքները», – հաղորդում է РБК-ն: Մոսկվայի մարզում ուժի մեջ է դրսի սպառնալիքը: «Մնացեք տանը և մի մոտեցեք պատուհաններին կամ պատսպարվեք Եթե դրսում եք կամ մեքենայում, ապաստան փնտրեք շենքում, ստորգետնյա անցումում կամ կայանատեղիում», – հայտարարել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքը Չեխովում հարվածել է բազմաբնակարան շենքին։ Այս մասին էլ հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
«Այս գիշեր և առավոտյան ՀՕՊ ուժերը հետ են մղել ԱԹՍ-ների հարձակումը մայրաքաղաքային տարածաշրջանի վրա։ Չեխովում անօդաչու թռչող սարքը հարվածել է Զեմսկայա փողոցի բազմաբնակարան շենքին»,– գրել է Վորոբյովը «Մաքս» հարթակի իր ալիքում։ Տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։ Բացի այդ, ևս մեկ ԱԹՍ-ի անկման հետևանքով բաց տարածքում անվադողերի բռնկում է տեղի ունեցել։ Հրշեջ հաշվարկներն օպերատիվորեն մարել են հրդեհը։
Մարզպետը հավելել է, որ Վաուլովո գյուղում՝ «Դուբրավա» այգեգործական ընկերությունում (СНТ), հրդեհվել է մասնավոր տուն։ Հրդեհը մեկուսացվել է, պատահարի պահին տանը մարդիկ չեն եղել։
«Ռոմաշկինո» այգեգործական ընկերությունում էլ (Դուբնա գյուղ) անօդաչուի բեկորները վնասել են ամառանոցային տուն, այստեղ նույնպես տուժածներ չկան։

Բաց մի թողեք
Թրամփը կրկին լավ է տրամադրված Զելենսկու նկատմամբ․ WSJ
Դաժան որոշում. Իրանի համար բոլոր իսրայելցիները, այդ թվում՝ երեխաները զինվորներ են
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա