30/07/2026

EU – Armenia

Նոր «երկաթե վարագույրը» ՌԴ ներկայի՞ս, ԽՍՀՄ-ի՞, թե՞ Վարշավյան պայմանագրի սահմաններով է

Մինչ արևմտյան և ուկրաինացի ռազմական փորձագետները, ռուսաստանյան հազվագյուտ լրատվամիջոցները քննարկում են «Պուտինը զորահավաք կհայտարարի՞, թե ուկրաինական կարգավորման բանակցային գործընթաց կվերսկսվի», ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը պետական հեռուստաընկերությանը հարցազրույցում սահմանել է, որ Ռուսաստանի «ազգային շահը պահանջում է ստեղծել ինքնուրույն քաղաքակրթություն և հուսալիորեն պաշտպանել սահմանները»։

«Մեր դեմ միավորվել է ամբողջ «քաղաքակիրթ աշխարհը»,- ասել է Լավրովը և մեկնաբանել, որ արեւմտյան երկրները վերստին ասպարեզ են բերել «Ռուսաստանի ռազմավարական պարտության» կարգախոսը, եվրոպական երկրները աջակցում են ռուս ռելոկանտներին, որ «Ռուսաստանի Դաշնությունը տրոհելու համար գումարներ են հավաքում»։

Լավրովի գնահատմամբ՝ Արեւմուտքը ձգտում է Ռուսաստանում «խռովություն ստեղծել, իսկ ուկրաինական պատերազմի կարգավորման նրա առաջարկությունները վերջնագիր» են, քանի որ եթե Ռուսաստանը շփման գծի վրա «սառչի, նացիստական ռեժիմը կպահպանվի, ոչ մի տարածք, որտեղ հանրաքվե է անցկացվել, նրանք չեն ճանաչելու»։

Որպես Ռուսաստանի ներքին և արտաքին կազմակերպվածության խթան՝ Լավրովը առաջարկել է «ընդունել առողջ չարության սկզբունքը»։

ՌԴ արտգործնախարարը փաստացի անոնսավորել է, որ պաշտոնական Մոսկվան նպատակադրված է ռազմական ճանապարհով հասնել Ուկրաինայի ամբողջական անեքսիային կամ «իշխանության դենացիֆիկացման» և այդ նպատակին հասնելու համար մոտակա ամիսներին, հավանաբար՝ պետդումայի ընտրություններից հետո, վերադառնալ «երկաթե վարագույրի» քաղաքականությանը։

Չափազանց կարևոր է եվրոպական երկրներում «ռելոկանտներին Ռուսաստանում խռովության ստեղծելու համար գումարներ հավաքելուն աջակցելու» մասին Լավրովի հայտարարությունը։ Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություն է հայտնվել, որ Երևան բնակարանի վարձակալության գները «երեսուն տոկոսով աճել են՝ կապված Ռուսաստանից մեծ ներհոսքի հետ»։

Ամենևին էլ բացառված չէ, որ Ռուսաստանը ռելոկանտների հարցում վերագրումներ անի նաև Հայաստանին, հետխորհրդային այլ երկրների, որ քաղաքակրթական ընտրությամբ «երկաթե վարագույրից» դուրս են կամ ձգտում են հասնել դրան։

Ներքին հավելյալ ի՞նչ սահմանափակումներ են Ռուսաստանում կիրառվելու, իհարկե, մտահոգիչ է։ Բայց արտաքին քաղաքական «առողջ չարությունը» կարող է տարածվել ոչ միայն Արևմուտքի, այլև հետխորհրդային տարածաշրջանի առանձին երկրների վրա։

Գերխնդիր է հասկանալ և կանխատեսել, թե «երկաթե վարագույրը» Ռուսաստանի ներկայի՞ս, նախկին ԽՍՀՄ-ի՞, թե՞ Վարշավյան պայմանագրի սահմաններով է ծրագրվում։